Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացվել է «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամը (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-crer-1

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ֆելիքս Հայրապետյանի նախաձեռնությամբ բացվել է «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի նպատակն է օգնություն ցուցաբերել քաղբանտարկյալներին,  քաղհալածյալներին ու նրանց ընտանիքներին: «Բացի իրավաբանական ու սոցիալական օգնությունից, հարկ եղած դեպքում կտրամադրվի նաեւ բժշկական օգնություն: Մենք չենք կարող այս մարդկանց անտարբերության մատնել, դա անբարոյականություն կլինի»,- նշեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանը: Այս պահին հիմնադրամում ցուցակագրված է 68 մարդ: Ֆելիքս Հայրապետյանի խոսքով՝ հարկ եղած դեպքում նրանք հավաքված գումարով նաեւ կբարեկարգեն դատապարտյալների հիվանդանոցը. «Տեսնում ենք՝ ինչ անմարդկային պայմաններում են ապրում այդ տղաները, միջատներն են վխտում նրանց վերքերի վրա, մենք պատրաստ ենք մի քանի սենյակ վերանորոգել, որպեսզի նրանք նորմալ պայմաններում ապրեն»: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմենակ Կյուրեղյանը նշեց, որ հիմնադրամը աշխատելու է թափանցիկ: Ըստ նրա, մարդիկ  կտեսնեն բոլոր մուտքագրվող եւ ելքագրվող գումարները: Իսկ հանրությանը նա առաջարկ արեց. «Ես առաջարկում եմ՝ ամեն մարդ, գոնե ամսական հարյուր դրամ փոխանցի այս հիմնադրամին եւ դա կլինի մեծ աջակցություն: Դա կհամախմբի մեր ժողովրդին, իսկ տղաները իրենց միայնակ չեն զգա»: Ներկաներն անդրադարձան նաեւ հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանին. «Անդրիաս Ղուկասյանն արդեն 30-րդ օրն է՝ հացադուլի մեջ է: Իշխանությունն այս օրինակով ցույց տվեց եւս մեկ անգամ, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Դատավորը նրան հարցրեց՝ շարունակելո՞ւ է իր պայքարը դուրս գալուց հետո եւ դրական պատասխան ստանալուց հետո որոշեց Անդրիաս Ղուկասյանին պահել կալանքի տակ: Սա նշանակում է, որ ինչ հոդվածով էլ որ նրան դատեն, միեւնույն է, դա լինելու է քաղաքական որոշում», -նշեց Ֆելիքս Հայրապետյանը՝ հավելելով, որ սա քաղաքական հաշվեհարդար է: Հիմնադրամի հաշվեհամարներին արդեն փոխանցվել  է 700 դոլար եւ 30,000 դրամ: Բարեգործական հիմնադրամի հաշվեհամարներն են ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ում՝ AMERIABANK, EREVAN, ARMENIA INTERMEDIARY DEUTSCHE BANK AG, FRANKFURT SWIFT (BIC). DEUTDEFF BENEFICIARYS BANK. AMERIABANK, YEREVAN SWIFT (BIC). ARMIAM22 BENEFICIARYS ACCOUNT. 1570024450290146 BENEFICIARYS NAME. SASNA TSRER CHARITIBLE FOUNDATION