«Իշխանությունների լեգիտիմությունը պլինտուսից ցածր է» (տեսանյութ)
«Իշխանությունն, ընտրություններին ընդառաջ, փորձելու է ներգրավել այլ մարդկանց, ուժերի։ Բայց դրա հնարավորությունն արդեն բաց է թողնված։ Կեղծ քաղաքական կազմակերպությունների ստեղծմամբ խնդիրներն արդեն չեն կարող լուծել»,-կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Մեզ մոտ, ըստ նրա՝ իրավիճակն այնպիսին է, որ ցանկացած մարդ, ով քաղաքականություն մտնում է, կորցնում է վստահությունը։ «Քանի դեռ նա հրապարակում է, լավն է, հենց խոսում է քաղաքականություն մտնելու մասին, անմիջապես դառնում է վատը»։ Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման քայլերին՝ քաղաքագետը նշեց դրա քաղաքական հետևանքները։ «Երբ այսպիսի իրավիճակ է լինում, իշխանությունները դադարում են ունենալ որևէ լեգիտիմություն։ Իշխանությունները չէին կարող ահաբեկիչ բառն արտասանել. նրանք դա ասացին ամենասկզբում, հետո սպասում էին, թե երբ իրավիճակը կհանդարտվի։ Երբ եզրափակվեց այդ ամենը, մեկ կամ երկու անգամ այդ բառն ասվել է, իսկ դրանից հետո այն չի արտասանվում նորից։ Ինչո՞ւ. որովհետև նրանք շատ բարի ու քնքո՞ւշ են։ Ոչ, իհարկե, այլ որովհետև նրանք դրա լեգիտիմությունը չունեն»։ Պարոն Իսկանդարյանը հիշեցրեց գարնանն անցկացված սոցհարցման մասին։ «Երկրի 80 տոկոս բնակչությունն ընդհանրապես չի վստահում ոչնչի։ Ես կարծում եմ, որ իշխանությունների լեգիտիմությունն արդեն պլինտուսից ցածր է։ Եթե այդպես է, ի՞նչ կարող են իշխանություններն անել։ Նրանք կարող են ազդել մարդկանց վրա այլ մեթոդներով, կոպիտ ասած՝ գնել։ Իսկ գնել պարտադիր չէ գումարով. կարող են համոզել դպրոցների ուսուցիչներին, ասֆալտ փռել գյուղում, դուռ կամ պատուհան դնել շենքի մուտքում և այլն։ Գյուղերում դա նրանք կարող են անել։ Իսկ Երևանի սոցիալական կենտրոնում գտնվող մարդիկ չեն հասկանում այն ամենը, ինչ գալիս է իշխանությունից։ Ես կասկածում եմ, որ եթե կառավարությունը վաղը հանրաքվեի դնի բազմապատկման աղյուսակը, կլինեն ցույցեր նաև դրա դեմ»։ Քաղաքագետը շեշտեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս՝ փրկել ռեժիմը ոչ լեգիտիմ պայմաններում կարող է միայն մի բան. բուռն տնտեսական աճը տարիների կտրվածքով։ «Մեզ դա չի սպասվում։ Օրինակ, Ռուսաստանում այդպես է։ Նավթային երկրներում դա կարող է աշխատել, մեզ մոտ նավթ չկա։ Կարծում եմ, որ իրավիճակը բավականին բարդ է»,-եզրափակեց նա։