Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԲ. 2016 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ պահուստները նվազել են շուրջ 59 մլն ԱՄՆ դոլարով

Պաշտոնական
dollar3

Պարզաբանում ՀՀ միջազգային պահուստների մակարդակի փոփոխության վերաբերյալ 2016 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ միջազգային պահուստները նվազել են շուրջ 59 մլն ԱՄՆ դոլարով: Պահուսնտների մակարդակի նվազումը հիմնականում պայմանավորված էր շուրջ 46 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտաքին պարտքի սպասարկման ծախսերով և Կենտրոնական բանկում ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվների մնացորդների շուրջ 116 մլն ԱՄՆ դոլարին համարժեք կրճատմամբ: Եռամսյակի ընթացքում պահուստները համալրվել են հիմնականում ներբանկային շուկայում ՀՀ ԿԲ կողմից իրականացված 52.6 մլն ԱՄՆ դոլարի առքի և ստացված վարկերի, փոխառությունների և դրամաշնորհների հաշվին՝ շուրջ 31 մլն ԱՄՆ դոլարին համարժեք: Առևտրային բանկերի թղթակցային հաշիվների մնացորդների փոփոխությունը թեև նշանակալի, այնուամենայնիվ, սովորական երևույթ է: Ինչպես հայտնի է, ՀՀ ԿԲ-ում առևտային բանկերի արտարժույթով թղթակցային հաշիվների նվազագույն մակարդակի պահանջ չկա, այդպիսով՝ այս միջոցների մակարդակն արտացոլում է համաշխարհային և ներքին ներդրումային միջավայրի ազդեցության ներքո առևտային բանկերի ներդրումային որոշումները: Արդյունքում այս մնացորդները խիստ տատանողական են, մասնավորապես` հիշեցնենք, որ 2015 թ. ընթացքում դրանք աճել էին շուրջ 106 մլն ԱՄՆ դոլարով: 2016 թ. ապրիլից սկսած ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար իրականացրել է և շարունակում է իրականացնել ԱՄՆ դոլարի առքի գործառնություններ՝ խուսափելով արտարժույթի շուկայում անցանկալի տատանումներից: Հարկ է նշել, որ արտարժույթի շուկայում ՀՀ ԿԲ կողմից ԱՄՆ դոլարի վաճառքի գործառնություններ իրականացվել են միայն հունվար- փետրվար ամիսներին՝ այդ ժամանակահատվածում դրամի փոխարժեքի վրա առկա սպեկուլյատիվ ճնշումները զսպելու նպատակով: Նշենք, որ ՀՀ միջազգային պահուստների մակարդակը շարունակում է համապատասխանել միջազգային պրակտիկայում արտարժութային պահուստներին ներկայացվող բոլոր պահանջներին, մասնավորապես` հնարավոր արտաքին շոկերը կլանելու ՀՀ տնտեսության կարողությունը հավաստելու տեսանկյունից: Մասնավորապես` ՀՀ միջազգային պահուստները ապահովում են ներմուծման ավելի քան չորս ամսվա ծածկույթ և կարճաժամկետ (մինչև մեկ տարի) պարտավորությունների սպասարկման ավելի քան յոթ տարվա ծածկույթ: ՀԳ. ՀՀ կենտրոնական բանկը հորդրորում է ՀՀ ԿԲ քաղաքականության և ՀՀ ֆինանսական շուկայի վերաբերյալ վերլուծություններ իրականացնելիս հղում կատարել հավաստի տեղեկատվական աղբյուրների և զերծ մնալ դիտավորյալ կամ սխալ տեղեկատվության տարածումից: ՀՀ ԿԲ կողմից միջբանկային շուկայում իրականացվող արտարժութային գործառնությունների, ինչպես նաև ֆինանսական շուկային առնչվող մի շարք այլ ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ՀՀԿԲ պաշտոնական կայքի հրապարակումներ բաժնում, ինչպես նաև https://databank.cba.am հասցեում: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն