Բերկրալի օրվա առիթով`հայրապետական մաղթանք՝ անսասանության համար (տեսանյութ)
Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առիթով Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հայրապետական մաղթանք` Նորին Սրբության քաջառողջ կյանքի, կենաց արևշատության և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության համար: Սկզբում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Հավարտ սրբազան Պատարագի արարողության, հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Մայր Տաճարի Ավագ Ս. Խորանի վրա կատարվեց Հայրապետական մաղթանք: Բերկրալի օրվա առիթով, նախքան արարողության սկսվելը, խոսքով ներկա հավատավոր հայորդիներին ու ուխտավորներին դիմեց Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Մուշեղ Սրբազանն ի մասնավորի ներկաներին հորդորեց իրենց աղոթքներով հոգևորականաց դասի հետ միասին Ամենակալից երկար տարիների արդյունաշատ հովվապետություն հայցել Լուսավորչի 132-րդ գահակալի` Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի համար: