Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նեղվում եմ սոսկալի, երբ տեսնում եմ խեղճություն». Խորեն Աբրահամյան. ռետրո (տեսանյութ)

Քաղաքականություն
khoren

Խորեն Աբրահամյանին 2001-ի հունվարին «Ա1+»-ի «Հետգրություն» հաղորդմանն էր բերել Քրիստոնեության 1700-ամյակին ինչ-որ բանով օգտակար լինելը. «Սա հրաշալի առիթ է աշխարհին ներկայանալու»: Խորհրդային Միության ժողովրդական արտիստը 1700-ամյակի տարում մտադիր է աշխարհին ներկայանալ «Խոր Վիրապ» գեղարվեստական կինոնկարով եւ համանուն ներկայացումով: Պետությունը մի քիչ փող արդեն տվել է. «Էնպիսի մեծածավալ գործ է, որ եթե ինչ-որ բան տվել են եւ շարունակությունը չլինի, դա նշանակում է էն եղածը քցել ջուրը»: Այնպես որ հետաքրքրասեր հեռուստադիտողի համար այս օրը ճիշտ ժամանակը չէ լսելու Վարպետի մտքերը նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի մասին. «Իմ կողմից հիմա մեղմ ասած խոզություն կլինի, որ սկսեմ, թե բան, բայց ես չեմ կարծում, որ ինձ ընտրել են նրա համար, որ ես լեզուս կարճ պահեմ»։ Այս օրերին Խորեն Աբրահամյանի եւ Սունդուկյանի անվան թատրոնի հարաբերությունները միանշանակ չեն, թատրոնից հեռացվելուց հետո նա նույնիսկ մեկնեց Ամերիկա եւ մի քանի տարի հետո վերադարձավ: Բայց այդ թատրոն այլեւս մտնել չի կարող. «Ինձ ոչ մեկ չի կարող արգելի, որ ես մտնեմ Սունդուկյանի թատրոն, ես ինքս չեմ կարող։Եթե բան ունես ասելու եւ ցանկություն կա եւ ուժ կա եւ շնորհք կա ներկայանալու ժողովրդին, էլի վերադառնալով էդ ուրախացնելու մտքին, ինչպե՞ս կարող ես չգտնել, որտեղ եւ ինչ»: Դերասանին սակայն ուրախացնում է թատրոնին տրված «Մայր» անվանումը: Դա կոմունիստների տված անունը չէր, այլ ժողովրդի. «Գիտե՞ք ինչքան մեծ իրադարձություններ են սկսվել թատրոնից սկսած Ֆրանսիական հեղափոխությունից, Վարշավայի չգիտեմ ինչերից: Ես չեմ ասում, որ թատրոնը դրա համար է, որ ապստամբության կոչեր լինի, բայց թատրոնը հզոր զենք է, մեծ մեծ մեծ ճշմարտության»: «Հետգրության» զրուցակիցները փիլիսոփայում են նաեւ «Վարպետ» տիտղոսի շուրջ, ովքե՞ր իրավունք ունեն «Վարպետ» կոչվելու. «Չեմ կարծում, որ Ավետիք Իսահակյանը դիմել էր մարդկանց, ասել էր՝ ինձ կասեք Վարպետ: Ժողովուրդը պահանջ ունի էն մարդկանց, որոնք ճշմարտություններ են բացում, որոնցից իրենք տեղյակ չեն կամ չեն կարողանում մտքներում ձեւակերպել, որն օգնում է ապրել, որը մարդկանց հույս է տալիս, որը մարդուն մի քիչ ավելի է գեղեցկացնում, քան մարդ արարածը կա իրականում»: Մեծ դերասանին ապրելու համար մնացել էր երեք տարի: Կյանքի շատ իրավիճակներին սովորեց այս մարդը, սակայն մեկի առաջ ինքն այդպես էլ մնաց անզոր.«Խեղճանալ չեմ կարողանում ու չեմ էլ սիրում խեղճությունը: Նեղվում եմ սոսկալի, երբ տեսնում եմ խեղճություն…Դրա ելքը կա չխեղճանալու, ստեղծելու արարելու, շինելու մեր ձեռքով»: Ի դեպ, Խորեն Աբրահամյանն այդպես էլ չնկարեց «Խոր Վիրապ» կինոնկարը: Նա մահացավ 2004-ի դեկտեմբերին: