A
A
Ուղիղ. Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձը և դրա հետեւանքները Հայաստանի համար (տեսանյութ)
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում կանցկացնի քննարկում՝ «Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձը և դրա հետեւանքները Հայաստանի համար» թեմայով:
Թուրքիայում հուլիսի 15-ին ձախողված ռազմական հեղաշրջման փորձը խորը մտահոգության տեղիք տվեց հարեւան հարավկովկասյան երկրներում: Հայաստանը ևս ակնդետ հետեւում է Թուրքիայի իրադարձություններին, որտեղ զանգվածային ձերբակալությունները շարունակվում են, արտակարգ դրությունը պահպանվում է, իսկ երկիրն ավելի է մոտենում ավտորիտար ռեժիմին:
Թուրքիայի կառավարությունը հեղաշրջումը ծրագրելու մեջ մեղադրում է Ֆեթհուլլահ Գյուլենին՝ Միացյալ Նահանգներում բնակվող իսլամական հոգեւոր առաջնորդին՝ պահանջելով նրա արտահանձնումը: Հարավ Կովկասյան երկրներում Գյուլենն ու նրա կողմնակիցները իրենց ազդեցությունն են ունեցել մասնավորապես Ադրբեջանում, որտեղ վերջին շաբաթներին պաշտոնական Բաքվի հրահանգով փակվում են բոլոր այն կառույցներն ու հաստատությունները, որոնք գործել են Գյուլենի աջակցությամբ։
Պաշտոնական Երևանն առաջին օրերին համարժեք արձագանք չտվեց Թուրքիայում տեղի ունեցած զարգացումներին: Իսկ արդեն հուլիսի 17-ից հետո, Հայաստանում առաջ եկած ներքին խնդիրների պատճառով, այս հարցն ընդհանրապես կարծես երկրորդ պլան մղվեց, այն դեպքում, երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են, իսկ պետական սահմանը փակ է 1993 թվականից՝ Թուրքիայի նախաձեռնությամբ:
ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակն այս թեմայի վերաբերյալ հոդված է հրապարակել, որի անգլերեն տարբերակը հասանելի է այստեղ՝ https://goo.gl/CsMY1B: Մենք մտադիր ենք անդրադառնալ այս թեմային՝ պարզելու, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի համար Թուրքիայի վերջին զարգացումները, Թուրքիա-Ռուսաստան մերձեցումը և Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների վատթարացումը։
Քննարկման բանախոսներն են՝
- Կիրո Մանոյան, ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար
- Շիրակ Թորոսյան, Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբացկության անդամ
- Ստյոպա Սաֆարյան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ
Միջոցառումն իրականացվում է IWPR-ի`Հարավային Կովկասում ներուժի հզորացմանը,բաժանարար գծերի վերացմանը և լարվածության նվազեցմանն ուղղված նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Այն իրականացվում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի«Մեդիակենտրոն» ծրագրի հետ համագործակցությամբ: