A
A
Ինչպես են փոխում ԼՂՀ սահմանադրությունը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006թ. դեկտեմբերի 10-ի Սահմանադրությունը կարևոր դեր խաղաց ինքնորոշված Արցախի պետականությունն ամրապնդելու, երկրում իրավական և ժողովրդավարական կարգեր հաստատելու գործում: Պարտադրված պատերազմի, զինադադարի պարբերական խախտումների, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողությունների պայմաններում Արցախի Հանրապետությունը կարողացավ ստեղծել և ամրապնդել անկախ պետությանը բնորոշ կառույցներ և հաստատուն կերպով ընթանալ ժողովրդավարական ու իրավական բարեփոխումների ճանապարհով: Գործող Սահմանադրությունն ապացուցել է իր կենսունակությունը և նպաստել սահմանադրաիրավական մի շարք ինստիտուտների ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության կայացմանը: Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածում առաջացել է սահմանադրական նորմերի իրավակարգավորումների հետագա բարելավման կարիք, որը թելադրված է հանրային կյանքի նոր իրողություններով, երկրի անվտանգության ու առաջընթացի ապահովման նոր հրամայականներով և պետք է նպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը, երկրի ինքնիշխանության ամրապնդմանը, ժողովրդավարական գործընթացների հետագա զարգացմանը, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման երաշխավորման ու պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգերի արմատավորմանը, ներքին հակասություններից զերծ կառավարման համակարգի սահմանմանը, դատական իշխանության և տեղական ինքնակառավարման համակարգերի անկախությանն ու ինքնուրույնությանը, ինչպես նաև անմիջական ժողովրդավարության ինստիտուտների կատարելագործմանը: 1. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները ևազատությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի Սահմանադրության՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին նվիրված գլուխը պարունակում է առաջադիմական և ժողովրդավարական երկրներում ու միջազգային փաստաթղթերում տեղ գտած մոտեցումներին համահունչ կարգավորումներ: Այդուհանդերձ, այս ոլորտում միջազգային զարգացումներին համաքայլ գործող սահմանադրական նորմերի հետագա բարելավման կարիք կա, ինչի համար ուղենիշներ կարող են հանդիսանալ, մասնավորապես, Եվրոպական միության հիմնական իրավունքների խարտիայի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի դրույթները, իրավունքի գերակայության երաշխավորման վերաբերյալ միջազգային իրավական նոր մոտեցումները: Սահմանադրական բարեփոխումների առանցքային ուղղություններն են՝- մարդու և քաղաքացու իրավական կարգավիճակի ընդլայնումն ու ամրապնդումը,
- իրավունքների և ազատությունների սահմանափակման՝ միջազգային չափանիշներին համապատասխանող հիմքերի նախատեսումը,
- հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության ապահովումը և դրանց երաշխավորված պաշտպանությունը՝ դրանք սահմանազատելով օրենսդրական երաշխիքներից և պետության նպատակներից:
2.1. Գործող համակարգի թերությունները
Սահմանադրության ընդունմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամրապնդվեց կառավարման կիսանախագահական համակարգը, որի բնորոշ առանձնահատկությունն այն է, որ ժողովուրդն ուղղակի մանդատով օժտում է երկու մարմինների՝ Ազգային ժողովին և Հանրապետության նախագահին, սակայն վերջինս իրավաբանորեն գործադիր իշխանության ղեկավարը չէ և այդ իշխանությունը կիսում է խորհրդարանի առջև պատասխանատու կառավարության հետ: Այսինքն, կիսանախագահական համակարգին բնորոշ գործադիր իշխանության երկակիությունն (դուալիզմն) իր արտացոլումն է գտել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունում: Ճիշտ է, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության, Հանրապետության նախագահն ավելի ուժեղ դիրք ունի կառավարության նկատմամբ, սակայն դա չի երաշխավորում գործադիր իշխանության միասնականությունն այնպիսի մի պետության համար, որը փաստորեն ապրում է դրսից իրեն պարտադրված արտակարգ դրության պայմաններում, և որտեղ կառավարման համակարգի ճկունությունն ու որոշումների կայացման և իրագործման օպերատիվությունն առանձնակի կարևորություն են ստանում: Կառավարության ձևավորումը, Արցախի Սահմանադրության համաձայն, բարդ և երկարատև ընթացակարգ է, որը քաղաքական անհամաձայնությունների դեպքում ավարտվում է Ազգային ժողովի արձակմամբ: Սահմանադրության 68–րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Հանրապետության նախագահը Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակում է վարչապետին, իսկ վերջինիս առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության մյուս անդամներին: Հանրապետության նախագահն իրավունք ունի, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և խմբակցությունների ղեկավարների հետ, ազատել վարչապետին: Ըստ Սահմանադրության 100-րդ հոդվածի` Հանրապետության նախագահը վարչապետ կարող է նշանակել այն թեկնածուին, ով Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ արժանացել է խորհրդարանի համաձայնությանը: Եթե Ազգային ժողովը նման համաձայնություն չի տալիս, ապա Հանրապետության նախագահը երկրորդ անգամ է վարչապետի թեկնածություն ներկայացնում Ազգային ժողովի համաձայնությանը, իսկ կրկին մերժման դեպքում նա իրավունք ունի իր հայեցողությամբ նշանակել վարչապետին: Յուրաքանչյուր պարագայում նոր կառավարությունը պետք է իր գործունեության ծրագիրը ներկայացնի Ազգային ժողովի հավանությանը: Եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ հավանություն չի տալիս իր համաձայնությամբ նշանակված կառավարության գործունեության ծրագրին կամ այն կառավարության գործունեության ծրագրին, որի վարչապետը նշանակվել է Հանրապետության նախագահի հայեցողությամբ, ապա խորհրդարանը պարտադիր կերպով արձակվում է, և նշանակվում է արտահերթ ընտրություն: Այս բարդ և ժամանակատար ընթացակարգի էությունն այն է, որ կառավարությունը միաժամանակ վայելի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի մեծամասնության աջակցությունը, ինչը, սակայն, նման արդյունք չի երաշխավորում, ներառյալ այն դեպքում, երբ Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միջև անհաղթահարելի հակասություններ առաջանալուց հետո խորհրդարանը լուծարվում է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանրապետության նախագահն ունի վարչապետին ազատելու հայեցողական լիազորություն` Սահմանադրությունը ելնում է կառավարության նկատմամբ Հանրապետության նախագահի գերակա դիրքից, ինչը, սակայն, չի երաշխավորում գործադիր իշխանության միասնական և համաձայնեցված գործունեությունն այն դեպքում, երբ խորհրդարանական մեծամասնությունն ընդդիմադիր է Հանրապետության նախագահին: Գործադիր իշխանության երկատվածությունն Արցախի պայմաններում առավել վտանգավոր է՝ հաշվի առնելով, որ պաշտպանության բնագավառում ևս Հանրապետության նախագահը կառավարության հետ սերտ համագործակցության կարիք ունի: Անհրաժեշտ հավասարակշռությունը բացակայում է նաև Հանրապետության նախագահ–Ազգային ժողով փոխհարաբերություններում: Մի կողմից՝ Հանրապետության նախագահը վարչապետին ազատելու միջոցով սկզբունքորեն հնարավորություն ունի հասնելու Ազգային ժողովի լուծարմանը, սակայն մյուս կողմից՝ Ազգային ժողովը Հանրապետության նախագահի նախընտրած վարչապետին հանդուրժելու գնով կարող է խուսափել լուծարումից, ինչի արդյունքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ կառավարությունը, չունենալով իրական աջակցություն խորհրդարանի կողմից, շարունակում է պաշտոնավարել, բայց չի կարողանում իրականացնել իր ծրագրերը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կառավարության գործունեության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ օրենքների ընդունմանը: Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի պաշտոնանկության իրավունքը կարող է իրականացվել միայն իմպիչմենտի ընթացակարգով և չի կարող վերաբերել Հանրապետության նախագահին քաղաքական պատասխանատվության կանչելուն: Այսպիսով, գործող կառավարման համակարգը չի երաշխավորում միասնական գործադիր իշխանության առկայություն և չի ենթադրում գործադիր իշխանության (Հանրապետության նախագահ և կառավարություն) իրական քաղաքական պատասխանատվություն: Հանրապետության նախագահի ձեռքում է կենտրոնացվում քաղաքական մեծ իշխանություն, սակայն գործադիր իշխանության համար Հանրապետության նախագահը որևէ քաղաքական պատասխանատվություն չի կրում: Ազգային ժողովը չի կարող իրական հակակշիռ լինել Հանրապետության նախագահին, քանի որ Նախագահին հակադրվելու պարագայում այն կարող է արձակվել վարչապետի պաշտոնանկության և նոր կառավարության ձևավորման ընթացակարգի արդյունքում: Հնարավոր համակեցության իրավիճակներն արտակարգ պայմաններում գտնվող Լեռնային Ղարաբաղի համար կարող են ունենալ անդառնալի բացասական հետևանքներ, հանգեցնել ներքին բախումների, չհամակարգված գործողությունների և այլն: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող կառավարման համակարգին բնորոշ են Հայաստանի Հանրապետության 1995թ., 2005թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ, ինչպես նաև ԱՊՀ մի շարք երկրների սահմանադրություններով ամրագրված կառավարման ձևերի հիմնական թերությունները, որոնք արտակարգ իրավիճակի պայմաններում առավել ընդգծված դրսևորում են ունենում:2.2. Անցում նախագահական կառավարման համակարգի
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ուժեղ և միասնական գործադիր իշխանություն, որն ի վիճակի կլինի ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում մոբիլիզացնել երկրի բոլոր ռեսուրսները և օպերատիվ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակի պահանջներին: Այս պարագայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար էականորեն մեծանում է գործադիր իշխանության կայունության հարցի կարևորությունը: Նման կայունություն չի կարող երաշխավորել նաև կառավարման խորհրդարանական համակարգը, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարագայում, հաշվի առնելով Ազգային ժողովի փոքրաքանակությունը, կայուն մեծամասնության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն: Կայունությանը զուգահեռ` գերկենտրոնացած իշխանական համակարգից խուսափելու համար պետք է առկա լինեն զսպումների և հակակշիռների արդյունավետ մեխանիզմներ, իսկ գործադիր իշխանությունն իր քաղաքականությունն իրականացնելիս պետք է հաշվի առնի խորհրդարանական մեծամասնության քաղաքական կամքը: Ուստի՝ Արցախի համար նախընտրելի է կառավարման այնպիսի համակարգ, որը, հիմնված լինելով կառավարման նախագահական համակարգի հիմնական սկզբունքների վրա, այդուհանդերձ, կկարևորի նաև խորհրդարանական հակակշիռների գործուն դերակատարությունը: Կառավարման այս ձևում Հանրապետության նախագահն ուղղակիորեն ընտրվում է ժողովրդի կողմից, ինչը նախագահական համակարգի բնորոշ գիծն է: Հանրապետության նախագահը արտախորհրդարանական եղանակով ձևավորում է գործադիր իշխանությունը և հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավարը, սակայն, ի տարբերություն դասական նախագահական համակարգի, Հանրապետության նախագահը՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև, ինչպես պառլամենտական համակարգում: Ազգային ժողովը ձայների բացարձակ մեծամասնությամբ կարող է անվստահություն հայտնել Հանրապետության նախագահին: Քանի որ Հանրապետության նախագահն ընտրվում է ուղղակիորեն ժողովրդի և ոչ թե խորհրդարանի կողմից, ինչպես խորհրդարանական հանրապետություններում է, ապա նրան անվստահություն հայտնելն ինքնըստինքյան հանգեցնում է Ազգային ժողովի լուծարմանը, քանի որ և՛ Հանրապետության նախագահը, և՛ խորհրդարանն ունեն միևնույն ժողովրդավարական լեգիտիմությունը: Կառավարման նախագահական համակարգում Հանրապետության նախագահը չունի պառլամենտն արձակելու լիազորություն և բոլոր այն դեպքերում, երբ Հանրապետության նախագահը և պառլամենտական մեծամասնությունը ներկայացնում են հակադիր քաղաքական մեծամասնություններ, պետական կառավարման համակարգը ոչ միայն անարդյունավետ է գործում, այլ նաև կարող է փակուղային իրավիճակներ առաջացնել: Հաշվի առնելով դա՝ նման փակուղային իրավիճակներից դուրս գալու համար Հանրապետության նախագահին տրվում է խորհրդարանն արձակելու լիազորություն, ինչը բնորոշ է խորհրդարանական երկրներին: Սակայն, ի տարբերություն խորհրդարանական հանրապետությունների, եթե Հանրապետության նախագահը լուծարում է խորհրդարանը, ապա նաև Հանրապետության նախագահի նոր ընտրություն պետք է անցկացվի: Նման համակարգի սկզբունքային առավելությունն այն է, որ գործադիր իշխանության ընտրության հարցը, ինչպես նախագահական համակարգում, լուծում է ժողովուրդը, այլ ոչ թե կուսակցությունները՝ ետկուլիսյան բանակցությունների ընթացքում, ինչը հաճախ տեղի է ունենում բազմաթիվ կուսակցություններ ունեցող պառլամենտական երկրներում: Մյուս կողմից լուծում է տրվում կառավարության և խորհրդարանի միջև հակամարտությունների խնդրին, ինչը նախագահական համակարգի թույլ կողմերից մեկն է: Քանի որ երկու կողմերն էլ ունեն միմյանց լիազորությունները դադարեցնելու իրավունք, բայց միայն սեփական լիազորությունները վայր դնելու գնով, ապա հակադիր մեծամասնությունների խնդիրը կարող է լուծվել անվստահության քվեի կամ խորհրդարանի լուծարման միջոցով: Այս համակարգը մի կողմից կապահովի արդյունավետ հակակշիռներ, զերծ կպահի կառավարման համակարգը փակուղային իրավիճակներում հայտնվելուց, իսկ մյուս կողմից, հաշվի առնելով միմյանց անվստահություն հայտնելու արդյունքում երկու մարմինների նոր ընտրություններ անցկացնելու պահանջը, կստիպի, որ և՛ Հանրապետության նախագահը, և՛ խորհրդարանը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում դիմեն միմյանց լիազորությունները դադարեցնելու քայլին: Դրանով կառավարման համակարգը կլինի ավելի կայուն: Քաղաքական պատասխանատվության տեսակետից այս համակարգն անհամեմատ գերազանցում է կիսանախագահականին, քանի որ Հանրապետության նախագահը, ի տարբերություն նախագահական և կիսանախագահական երկրների նախագահի, իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում գործադիր իշխանության համար քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև: Թեև Հանրապետության նախագահն առաջարկվող համակարգում օժտված է մեծ իշխանությամբ, նա, այնուամենայնիվ, չի կարող կառավարել պառլամենտական մեծամասնության կամքին հակառակ, այլապես խորհրդարանը կարող է նրան անվստահություն հայտնել: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Հանրապետության նախագահը պետք է միշտ շահագրգռված լինի ունենալ ուժեղ դիրքեր իր կուսակցությունում կամ իրեն առաջադրած կուսակցությունում (ներում), որն էլ մյուս կողմից շահագրգռված է իր քաղաքական լիդերի հաջողության մեջ: Համապատասխանաբար մեծ է պառլամենտի ազդեցությունը գործադիր իշխանության ղեկավարի նկատմամբ, մինչդեռ նախագահական համակարգում գործադիր իշխանության ղեկավարը քաղաքական պատասխանատվություն չի կրում, իսկ կիսանախագահական համակարգում պառլամենտը կարող է անվստահություն հայտնել միայն կառավարությանը, բայց ոչ Հանրապետության նախագահին, որի ձեռքում կարող է կենտրոնացված լինել ինչպես ողջ գործադիր իշխանությունը, այնպես էլ դրա մի մասը: Պառլամենտի դիրքերն այստեղ ավելի ամուր են, քան կիսանախագահական համակարգում, քանի որ, լուծարելով պառլամենտը, Հանրապետության նախագահը վայր է դնում իր մանդատը, մինչդեռ կիսանախագահական երկրի նախագահի պաշտոնավարման համար դա որևէ խոչընդոտ չէ: Կիսանախագահական երկրի նախագահի սխալ քաղաքական հաշվարկի գինը նախագահի քաղաքական ազդեցության թուլացումն է, բայց ոչ մանդատի կորուստը: Ինչպես նախագահական, այնպես էլ կիսանախագահական կառավարման ձևերում, առաջարկվող համակարգում ևս չի բացառվում, որ Հանրապետության նախագահը և խորհրդարանական մեծամասնությունը միմյանց հակադիր լինեն: Հակադիր մեծամասնությունների ռիսկը մեղմելու համար առաջարկվում է Հանրապետության նախագահի և խորհրդարանի ընտրություններն անցկացնել միաժամանակ: Նույն նպատակին է ծառայում նաև այն դրույթը, ըստ որի՝ Հանրապետության նախագահի թեկնածություններ կարող են առաջադրվել միայն խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից: Ժողովրդի ընտրությունն այս համակարգում ավելի անմիջական ազդեցություն ունի կառավարման վրա, քան կիսանախագահական համակարգում: Ժողովրդի կողմից ընտրված Հանրապետության նախագահը ստանում է ժողովրդի մանդատը՝ իրագործելու իր առաջարկած քաղաքականությունը: Կիսանախագահական համակարգում, այս մոդելին հատուկ գործադիր իշխանության երկբևեռության պատճառով, վարչապետի ընտրությունը կատարվում է նախագահի կողմից, քանի դեռ նա մեծամասնություն ունի խորհրդարանում, կամ ընդդիմադիր կուսակցությունների կողմից, եթե նրանք, հաղթելով խորհրդարանական ընտրություններում, մեծամասնություն են ձեռք բերում («համակեցություն»): Վարչապետը առաջին դեպքում երկրորդ մարդն է գործադիր իշխանությունում, իսկ երկրորդ դեպքում՝ առաջինը: Երկու դեպքում էլ ժողովրդի անմիջական ազդեցությունը գործադիր իշխանության վրա նվազում է: Էլ ավելի մեծ են առաջարկվող համակարգի առավելությունները կառավարելիության տեսակետից: Ուղղակիորեն ընտրված Հանրապետության նախագահն ունի անվիճելի լեգիտիմություն, որը ոչ պակաս է, քան խորհրդարանինը: Հանրապետության նախագահի հնարավորությունները՝ իրագործելու իր քաղաքականությունը, ավելի մեծ են, քան խորհրդարանական կամ կիսանախագահական համակարգերում: Ի տարբերություն պառլամենտական համակարգի, անվստահության քվեն մեխանիկորեն հանգեցնում է խորհրդարանի լուծարմանը: Կիսանախագահական ձևը միայն թվացյալ կայունություն է ապահովում այն դեպքում, երբ Հանրապետության նախագահը կորցնում է իր քաղաքական հենարանը պառլամենտում: Այդ դեպքում նա այլևս չի կարող արդյունավետ կառավարում իրականացնել և պետք է սպասի մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները, եթե չունի խորհրդարանը լուծարելու հայեցողական լիազորություն: Առաջարկվող համակարգի հաջորդ առավելությունը նախագահականի, որոշ դեպքերում նաև կիսանախագահականի համեմատ այն է, որ Հանրապետության նախագահի և խորհրդարանի ընտրությունների միաժամանակյա անցկացումը վերացնում կամ նվազագույնը էականորեն մեղմում է նախագահական և կիսանախագահական համակարգին բնորոշ «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքը: Նախագահական ընտրություններում երկրորդ տեղ զբաղեցրած թեկնածուն, որպես կանոն, երկրորդ ուժը կլինի նաև պառլամենտում:2.3. Կառավարման առաջարկվող համակարգի հիմնական դրույթները.
Ելնելով վերոնշյալ հիմնավորումներից՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարման համակարգի հետևյալ հիմնական դրույթները.- Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է:
- Հանրապետության նախագահն ընտրվում է համընդհանուր, ուղղակի ընտրություններով: Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են նույն օրը:
- Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում այդ պաշտոնը /գործող նախագահի լիազորությունների ավարտին մնացած ժամանակով/ ստանձնում է Ազգային ժողովի նախագահը:
- Հանրապետության նախագահն իրավունք ունի լուծարելու Ազգային ժողովը: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:
- Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իրավունք ունի անվստահություն հայտնելու Հանրապետության նախագահին: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:
- Հանրապետության նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել միայն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները:
- Հանրապետության նախագահը նշանակում և ազատում է նախարարներին:
- Հանրապետության նախագահն ունի օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է հաղթահարվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
- Ազգային ժողովն իրավունք ունի ձայների 2/3–ով, Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պաշտոնանկ անելու Հանրապետության նախագահին՝ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
- Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահ:
- Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով:
- ամրապնդելու դատական իշխանության ու դատավորի անկախությունը և զարգացնելու դատավորի կարգավիճակի սահմանադրական երաշխիքները,
- հստակեցնելու դատավորների նշանակման և պաշտոնից ազատման ընթացակարգում Հանրապետության նախագահին վերապահված նշանակալի լիազորությունները՝ հակակշռելով դրանք նշանակման գործընթացի թափանցիկության և անկախության առավել ամուր երաշխիքներով,
- բարձրացնելու դատական իշխանության ինքնուրույնությունը և ինքնակառավարման արդյունավետությունը, հստակեցնելու Արդարադատության խորհրդի կարգավիճակն ու առաքելությունը,
- զարգացնելու սահմանադրական արդարադատության ինստիտուտի արդյունավետությունը:
- Սահմանադրությամբ հստակեցված չէ Արդարադատության խորհրդի կարգավիճակի և առաքելության հարցը: Չնայած գործող Սահմանադրությամբ այս մարմնին վերապահված են այնպիսի լիազորություններ, որոնք հիմնականում բնորոշ են դատական ինքնակառավարման բարձրագույն մարմնին, սակայն դրանք նախ` ամբողջական չեն և երկրորդ` Արդարադատության խորհրդի լիազորությունների էական մասը միայն խորհրդատվական բնույթ ունի: Արդարադատության խորհրդի՝ դատական իշխանության ինքնակառավարման լիարժեք մարմնի վերածվելու տեսանկյունից առանցքային կարևորության հարց է խորհրդի սահմանադրական լիազորությունների ընդլայնումը՝ դրանք մոտեցնելով նման մարմնին միջազգային փաստաթղթերում առաջադրվող օրինակելի լիազորություններին:
- Գործող Սահմանադրությունը չի նախատեսում նաև Արդարադատության խորհրդի անդամներին ներկայացվող պահանջներ, չկա խորհրդի անդամի պաշտոնում վերընտրվելու սահմանափակում:
- Բոլոր դատավորների շահերը ներկայացնող լիարժեք ինքնակառավարման մարմին լինելու տեսանկյունից խնդրահարույց է նաև Արդարադատության խորհրդում բոլոր ատյանների դատարանների դատավորների ներկայացվածության պահանջ սահմանող նորմերի բացակայությունը:
- Ապահովված չէ խորհրդի դատավոր և ոչ դատավոր անդամների հավասարակշռված դերակատարումը: Ըստ գործող Սահմանադրության՝ Խորհրդի նիստերը վարում է Գերագույն դատարանի նախագահը: Դատավորների ներքին անկախության ապահովման, խորհրդի դատավոր և ոչ դատավոր անդամների միջև հավասարության տեսանկյունից միջազգային պրակտիկայում առավել ողջունելի է համարվում նման մարմինների նախագահի ընտրովի լինելը հենց այդ մարմնի անդամների կազմից: 4. Տեղական ինքնակառավարումը
- Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ունենան սահմանադրական հստակ կարգավիճակ, իրական լիազորություններ, համայնքային նշանակության խնդիրների լուծման համար սեփական եկամուտների աղբյուրներ ստեղծելու հնարավորություններ;
- Պետք է ամրապնդել ավագանու դերը տեղական ինքնակառավարման համակարգում, մասնավորապես՝ ուժեղացնելով վերջինիս վերահսկողական լիազորությունները;
- Համայնքի ղեկավարին ընտրել ավագանու կողմից՝ ավագանու կազմից;
- Վերանայել կառավարության կողմից համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու ինստիտուտը;
- Համայնքի ավագանուն տալ տեղական հարկեր և տուրքեր սահմանելու լայն լիազորություններ;
- Մեծացնել համայնքի բնակչության՝ տեղական ինքնակառավարման գործերին մասնակցության ձևերը, նախատեսել տեղական հանրաքվեի արդյունավետ մեխանիզմներ:
ԼՈՒՐԵՐ