Գարեգին Չուքասզյան. «Փոխզիջումների» ծուռ այլընտրանքը
Հիմնադիր խորհրդարանը տարածել է Գարեգին Չուքասզյանի հոդվածը Հայրենական տարածքների հանձնման նպատակ ունեցող “փոխզիջումներ” կոչվող “դիմակահանդեսի” մեջ ընդմիջում է հայտարարվել… Սասնա Ծռերի ապստամբական գործողությունը “ներկայացման բեմադրիչներին” ստիպեց տարածքների հանձնման գործընթացը ժամանակավորապես դանդաղեցնել, սակայն նրանք՝ այդ ընդմիջումը բացի փող- կամ փոխպայմանավորված պատերազմի դրվագներով համեմելուց, չեն խորշում նաև այդ ընթացքում ձեռնարկելու հոգեբանական սարսափազդու գրոհներ և ահաբեկումներ, որոնք կարելի է միավորել “դանակս բերեմ, ծառդ կտրեմ“ միասնական մարտավարության տակ: Պուտինից սկսած, որի վերջերս հնչեցրած Ադրբեջանի ոսկու և վալյուտային անհամար գանձերի հրճվալից թվարկումը ակնարկում էր դրանով գնվելիք զենքի կիրառման շատ հստակ թիրախ, վերջացրած ռուսական փորձագետների ՝ հայության ռազմա-քաղաքական պարտությունը ճպճպացնելով նկարագրող անհաշիվ հոդվածները բոլորն էլ մի նպատակ են հետապնդում՝ բարոյա-հոգեբանորեն զինաթափել հայությանը և ընդունելի դարձնել նրա համար “առաջին ձագը գցելը” կամ որ նույնն է համոզել մեզ, որ Ադրբեջանի հետ գալիք պատերազմում Հայաստանի կրելիք կանխորոշված պարտությանը ունի մեկ այլընտրանք, դա ազատագրված տարածքների հանձնումն է … Սասնա Ծռերի հայտնությունը այս իմաստով ոչ միայն ժամանակավորապես կասեցրեց տարածքների հանձնման արագացումը, այլև նոր ռազմա-քաղաքական հորիզոն բացեց, ճիշտ ինչպես Խորհրդային միության վերջին տարիներին առաջացած նմանատիպ քաղաքական փակուղում ճանապարհը ցույց տվեցին հենց զենք վերցրած հայ կամավորական ֆիդայիները, որոնք այն ժամանակ նույնպես համարվում էին ապօրինի “բոեվիկ”-զինյալներ… Վերհիշենք, որ Արցախյան շարժման առաջին օրերից աշխարհի այն ժամանակվա գերտերություն համարվող պաշտոնական Մոսկվան և իր պնակալեզները անընդհատ սարսափեցնում էին Ադրբեջանի մարդկային և նյութական բազմապատիկ առավելությունների մասին հեքիաթով, իսկ Արցախի, Բաքվի, Կիրովաբադի և Ադրբեջանի կես միլիոնից ավել հաշվող հայությունը ներկայացվում էր պատանդի կարգավիճակով: Եվ վերջապես հիշենք, որ հոգեբանական ահաբեկման գագաթնակետը այն կրկներգն էր, որ եթե Հայաստանը համառի, և ի վերջո, որպես ելք , մոսկովյան մետրոպոլիայի դեմ իր հակամարտության մեջ որոշի փորձել անկախանալ, ապա նույն օրն իսկ Թուրքիան մեզ կուլ կտա … Սակայն արդյունքում ոչ միայն Թուրքիան մեզ կուլ չտվեց և մենք դարձանք միջազգային իրավունքի սուբյեկտ, այլև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը իր շրջակա տարածքներով ազատագրվեց և ստեղծվեց ազգային բանակ: Ապագաղութացման այս փուլից Հայաստանը դուրս եկավ ռազմա-քաղաքական առումով ուժեղացած: Սակայն հիմնական ձեռքբերումները սրանով, ցավոք, ավարտվեցին…Կնքված զինադադարի պայմանգիրը հնարավորություն չտվեց դիվանագիտական առումով ամրագրել ռազմական հաղթանակի ձեռքբերումները և Հայաստանը հայտնվեց տնտեսական շրջափակման մեջ, իսկ Ադրբեջանը հնարավորություն ստացավ շունչ քաշել և օգտվելով հումքային իր հնարավորություններից տնտեսապես և ռազմականորեն հզորանալ: Չավարտվեցին նաև ապախորհրդայնացման ներքին քաղաքական գործընթացները և այդ առումով նույնպես ապագաղութացումը կիսատ մնաց, որը հիմք դարձավ նորգաղութային քրեա-օլիգարխիկ ոստիկանապետական վարչակարգի և որպես դրա հետևանք Հայաստանը դանդաղ քայքայող արտագաղթի առաջացման համար… Սակայն որքան էլ պարադոքսալ հնչի, ներկայիս թե ներքին և թե արտաքին ճգնաժամային իրավիճակը ստեղծել են Հայաստանի ապագաղութացման և ազգային-ազատագրական երկրորդ փուլի համար օբյեկտիվ և սուբյեկտիվ այն գործոնների համախումբը, որոնք հիմք կարող են հանդիսանալ այս ճգնաժամից Հայաստանի ուժեղացած դուրս գալու համար: Փորձենք այստեղ դիտարկել այդ արտաքին քաղաքական գործոնները ի մոտո…
- Տարածաշրջանի հիմնական հակառակորդ երկիրը հանդիսացող Ադրբեջանը աշխարհում ներկայումս ձևավորվող տնտեսական համայնապատկերում՝ իր նավթի և գազի վրա հիմնված տնտեսությամբ մտել է տնտեսա-քաղաքական անկայունացման շրջան, որի մասին են վկայում անցած տարվա ընթացքում նավթի գների շեշտակի անկումը և բարգավաճ տարիների ընթացքում կուտակված վալյուտային ռեսուրսների պաշարի կիսով չափ փոշիացումը: Որպես հետևանք մենք ականատեսը դարձանք մանաթի թավալգլոր անկմանը և դրա հետ կապված տնտեսական ցնցումներին: Գումարեք դրան երկրի իսլամական տարասեռ բնակչության մեջ դավանաբանական հակոտնյա զարգացումների բուռն ներկան և էլ ավելի բարդ ապագան, ծայրահեղ իսլամականության, էթնիկ և սոցիալական լարվածության օջախները, Ալիեվի ընտանիքի պանամական դոսյեն, և իհարկե Իրանում ադրբեջանական սեպարատիզմի վտանգի հետ կապված լրջագույն արտաքին քաղաքական հակասությունները…
- Տարածաշրջանային մյուս երկիրը, որի հետ Հայաստանը ունի շահերի բախումներ՝ Թուրքիան, այս փուլում, ի տարբերություն 1988-1994թթ., հանդես է գալիս որպես ներքին և արտաքին ռազմա-քաղաքական լրջագույն ճնշումների տակ հայտնված պետություն (ներթրքական առճակատում, քրդական հարց, սիրիական թնջուկ, Արևմուտքի հետ շահերի բախումներ և այլն):
- Իսկ մեր հետ տնտեսա-քաղաքական արմատական շահեր կիսող Իրանը, այդ տարիներին միջազգային շրջափակման մեջ գտնվող, իսկ ներկայումս աշխարհին բացվող և դեպի վեր ընթացող տարածաշրջանային գերտերություն է և կարիք ունի դեպի Սև ծով տարանցիկ միջանցքի բացման: Եթե նկատի ունենանք նաև սփյուռքի ցանցային և տեխնոլոգիական ներուժը, ապա Հայաստանը կարող է հեշտությամբ վերագտնել հին ու Նոր Ջուղաներին հատուկ Մետաքսի ճանապարհի շղթայի կարևոր օղակի՝ նորօրյա “մերձավորարեվելյան Հոնկոնգի” դերը կատարող բարեկամական երկրի պատմական առաքելությունը...
- Սովետական Միությունը կամ ավելի ճիշտ այն ժամանակվա Ռուսաստանը Արցախյան շարժման սկզբնավորման տարիներին ռազմա-քաղաքական գերտերություն էր, որը իր ողջ ծանրությամբ դեմ կանգնեց մեր այն տարիների համազգային ազատագրական պայքարին. և որքան էլ պայքարի սկզբում անհավանական էր թվում, ի վերջո նահանջեց ոչ միայն Արցախի հարցում այլ նաև Հայաստանի և մնացած հանրապետությունների քաղաքական անկախության հարցում: