Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջը չկատարելու դեպքում կփակեն Էջմիածին-Մասիս ճանապարհը (տեսանյութ)

Հասարակություն
Garik

Արարատի մարզի  Նիզամի  գյուղի բնակիչները սպառնում են փակել  Մասիս-Էջմիածին ավտոճանապարհը, եթե 2 օրվա ընթացքում իրենց համագյուղացի  Գարիկ Առուսատմյանն  ազատ չարձակվի: «Պահանջում ենք, որ բաց թողեն էդ մարդը իր դաշտերը մշակի, որ բերի քաղաքացիներին պահի։ Վարունգ է ցանել, երկու օր չջրեց էդ դաշտը հեկտարներով կվերանա»,- ասում է Ռայա Մանուչարյանը։ Եղբայրը՝ Գևորգ Առուստամյանն ավելացնում է. «Զգուշացնում ենք օրինապահ մարմիններին, եթե էս գործին ճիշտ ընթացք չտրվեց ու իմ եղբայրը չազատվեց, մենք փակելու ենք Էջմիածին-Մասիս ճանապարհը, էս ժողովուրդը կրկնապատկվելու է»։ Արդեն 12 օր է՝ 24 ամյա Գարիկ Առուստամյանը անազատության մեջ է։ Հուլիսի 29-ին նա եղել է Սարի թաղում ու երեկոյան աշխատանքից հետո քրոջը պետք է տուն ուղեկցեր, սակայն նրանց ճանապարհը կարճ է տևել։ Ավտոմեքենայի դեմ են դուրս եկել մեծաթիվ ոստիկաններ։ «Ասել են հլը իջի մեքենայից արա ու հաջորդիվ սկսել են մեքենան ջարդել։ Ջարդուփշուր անելուց հետո իրենց են հանել մեքենայից, ոտքով հարվածել են ներսում։ Ծեծելով հանել են և ընկերոջը, և իրեն, և քույրիկին»,-  ասում է Գևորգ Առուստամյանը։ Բռնության ենթարկվելուց հետո Գարիկը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ երկու օր անց դատարանը երկու ամսով կալանավորման որոշում է կայացրել։  Գարիկը մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։ Նրա եղբայրը՝ Գևորգն ապօրինի է համարում այս որոշումը, պնդելով՝ Գարիկի մեղքը հաստատող որևէ ապացույց չկա։ «Եթե իրենց ձեռք տա իրենք կարող են վայրկյանների ընթացքում ճշտել՝ ինքը ո՞ր ժամին որտեղ է եղել, որտեղից որտեղ է տեղաշարժվել»։ Հուլիսի 29-ից մինչև օրս Գարիկի հարազատները որևէ տեղեկություն չունեն, թե ինչ վիճակում է նա գտնվում։ Նրանց արգելվել է տեսակցել խոշտանգված հարազատի հետ։ Գարիկ Առուստամյանի ընտանիքը պատրաստվում է բողոքարկել  կալանավորման որոշումը։ Խնդրի մասին տեղեկացրել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից խոստացել են հարցով զբաղվել։