ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՀԱՇՎԱԾ ԺԱՄԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Գերմանիայում Երեւանի ժամանակով 21:00-ին մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որին անհամբերությամբ սպասում են աշխարհի բոլոր երկրներում: Բացառություն չէ նաեւ Հայաստանը, որտեղ ֆուտբոլով հետաքրքրվողների թիվը բավական մեծ է: Թեեւ Հայաստանում այս պահին տիրում է շախմատային մթնոլորտ, սակայն շատերն են սպասում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին, որն ավարտվելու է ուղիղ մեկ ամիս անց՝ հուլիսի 9-ին:
Ցավոք, Հայաստանի հավաքականին չի հաջողվել մասնակցել ամենամեծ մասսայականությունը վայելող այս մրցաշարին եւ հայ ֆուտբոլասերները ստիպված են երկրպագել այլ թիմերի համար: Հայաստանում հիմնականում երկրպագելու են Ուկրաինային, Բրազիլիային, Անգլիային, Իտալիային, Արգենտինային եւ Ֆրանսիային: Թեեւ Ուկրաինան ի տարբերություն մյուսների ավելի համեստ կազմ ունեցող հավաքական է, սակայն այս թիմը Հայաստանում մեծ թվով երկրպագուներ ունի: Նախ ժամանակին Հայաստանը եւ Ուկրաինան հանձինս ԽՍՀՄ-ի մեկ պետության անդամներ էին, բացի այդ անկախացումից հետո Հայաստանի ընտրանին 8 անգամ հանդիպել է Ուկրաինայի հետ, որի կազմում հանդես եկող Անդրեյ Շեւչենկոն համարվում է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը:
Քիչ չեն նաեւ Բրազիլիայի երկրպագուները, որոնք չեն կասկածում, որ բրազիլացիները 6-րդ անգամ կդառնան աշխարհի չեմպիոն: Մինչ առաջնության մեկնարկը Երեւանում սնկի պես աճեցին բուքմեյքերական կետերը, որոնք աշխարհի գավաթի խաղարկության օրերին, որպես կանոն լեփ-լեցուն են լինում: Բուքմեյքերների կարծիքով առաջնության գլխավոր ֆավորիտը Բրազիլիան է, որի գործակիցը կազմել է ընդամենը 2.8: Բրազիլացիներին հաջորդում են Անգլիան, Իտալիան եւ տանտերերը՝ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները, որոնց գործակիցները տատանվում են 7-7.5 սահմաններում: Ուկրաինայի համար սահմանվել է 55 գործակից, ինչը անսովոր բարձր է:
Ի դեպ, աշխարհի առաջնությունում հանդես կգան 2 հայազգի ֆուտբոլիստներ: Դրանք են Իրանի հավաքականի անդամներ Անդրանիկ Թեյմուրազյանը եւ Վահիդ Հաշեմյանը: Թեյմուրազյանը Իրանի կազմում հանդես եկող միակ քրիստոնյան է: