ԱՊՀ տարածքում՝ միասնական լրատվական հարթակ. «Տեֆի»-ն՝ Երևանում
«Տեֆի-համագործակցություն» միջազգային 6-րդ հեռուստատեսային փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 15-18-ը Երեւանում: «Լրատվությունը մեր մասնագիտությունն է» խորագիրը կրող փառատոնի նպատակն է ԱՊՀ տարածքում ստեղծել միասնական լրատվական հարթակ, օժանդակել հեռարձակման բնագավառում նորությունների տարածմանը, ինչպես նաեւ նպաստել հեռուստաընկերությունների եւ տվյալ բնագավառի մասնագետների միջեւ համագործակցության ամրապնդմանը: Հեռուստատեսային փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել տեսանյութեր, որոնք ԱՊՀ տարածքում եթեր են հեռարձակվել 2015 թվականի հունիսի 1-ից մինչեւ ընթացիկ տարվա մայիսի 31-ը ներառյալ: Միջոցառման ընթացքում նախատեսվում են աշխատանքների ցուցադրություններ, քննարկումներ, վարպետության դասընթացներ ժամանակակից հեռուստատեսության արդիական խնդիրների շուրջ, ինչպես նաեւ հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Տեֆի-համագործակցություն» փառատոնը կազմակերպում է «Ռուսական հեռուստատեսության ակադեմիան»՝ ԱՊՀ երկրների մարդասիրական համագործակցության միջկառավարական հիմնադրամի եւ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աջակցությամբ: Առավել մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է այցելել փառատոնի պաշտոնական կայք-էջ՝ www.tefi.ru