Հրդեհաշիջմանը մասնակցում են քաղաքապետ, գյուղապետ, 100 զինծառայող
Հուլիսի 14-ին, ժամը 12.30-ի դրությամբ հրդեհի՝ դեպի բնակելի և անտառապատ տարածքներ հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Մեղրի քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արևիկ» ազգային պարկի 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող և տեղի 15 բնակիչներ իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: Ժամը 13.55-ին ստացված տեղեկատվության համաձայն՝ այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ, որից 4 հա՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում: Դեպքի վայրում առկա է քամի, ինչը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին: Հրշեջ-փրկարարների կողմից իրականցվում է հսկողություն հրդեհի հնարավոր տարածումը կանխելու նպատակով: Այրվել է 150-200 հա տարածք, որից մոտ 50 հա մարվել է հրշեջ-փրկարարների կողմից, մոտ 100 հա ինքնամարվել: Այս պահին այրվում է 50 հա բուսածածկ տարածք: Ժամը 16.41-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն հուլիսի 15-ին ժամը 03.00-ին: Հուլիսի 15-ին, ժամը 04.30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Աշխատանքներին մասնակցում են 25 հրշեջ-փրկարար, 100 զինծառայող, 20 ազգային պարկի աշխատակից, Մեղրի քաղաքի քաղաքապետը, Լեհվազի գյուղապետը՝ 5 հոգուց բաղկացած խմբով: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: