«Նոր զովքը» գնում է Ֆրանսիայի հետքերով. պայքար պոլիէթիլենի դեմ
«10 դրամ պոլիէթիլենային տոպրակի համար». «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի Հանրապետության 71 մասնաճյուղի մենեջեր Սվետլանա Անդրեասյանի մեկնաբանությամբ, տոպրակների վաճառքը զուտ բնապահպանական նպատակ ունի, և զուր են բոլոր այն խոսակցությունները, թե այս քայլը առևտրային նպատակ է հետապնդում։ «Կոնկրետ մեզ մոտ ապրանքները շատ էժան են՝ ինքնարժեքով են վաճառվում։ Հետևաբար տոպրակների վաճառքը չի կարող ազդել հաճախորդների թվի վրա»։ Ըստ մենեջերի, երկու օր է, ինչ տոպրակների վաճառքի հայտարարությունը փակցված է մուտքի դռանը, բայց բողոքներ չեն գրանցվել։
Բնապահպան Կարինե Փանոսյանի կարծիքով՝ այնպես չէ, որ մենք այդ տոպրակների համար չենք վճարել, ուղղակի այդ գինը մտել է ապրանքի գնի մեջ, ու մեզ ներկայացրել են, թե անվճար են տրամադրում: «Երկրորդ՝ դա մարդկանց զգոն կպահի, և լրացուցիչ տոպրակ պահանջելիս նախ՝ կմտածեն: Ողջ աշխարհը վաղուց հրաժարվում է պոլիէթիլենի գործածման մտքից, մենք դեռ շռայլորեն վատնում ենք՝ վնասելով մեր առողջությունն ու շրջակա միջավայրը: Մի քանի օր առաջ Ֆրանսիան պաշտոնապես հրաժարվեց պոլիէթիլենի կիրառումից »:
Բնապահպանի խոսքով , պոլիէթիլենը անվտանգ նյութ չէ. բնության մեջ ամեն ինչ համակարգված է, ու ամեն բան քայքայվում է, իսկ այն, որ պոլիէթիլենը չի քայքայվում՝ արդեն իսկ խոսում է դրա վտանգավորության մասին: Դրանում պահվող սնունդն՝ ուզի, թե ոչ, նույնպես սկսում է վնասվել՝ կրելով պոլիէթիլենի քիմիական բաղադրության ազդեցությունը: Այդ նյութերը քաղցկեղածին են, ալերգիկ:
«Եթե բնության տեսանկյունից խոսենք, ապա պոլիէթիլենը չքայքայվելով՝ բազմաթիվ խնդիրներ է առաջ բերում: Մեր երկրի բնակիչները, հատկապես գյուղերում, անխնա այրում են տոպրակները՝չիամանալով, որ մեկ տոպրակի այրվելն ավելի մեծ վնաս է հասցնում, քան ավտոմեքենայի մի քանի օրվա այրած վառելիքը»:
Ինքը՝ բնապահպանը, գաղափարակիցների հետ միասին պոլիէթիլենային իրերը հավաքում ու վաճառման սկզբունքով հանձնում է վերամշակման գործարան, որը արդեն ութ տարի է գործում է Երևանի նախկին դաշնամուրի գործարանի տեղում. «Եթե հանձնեն վերամշակման գործարան և՛ գումար կստանան, և՛ բնությունը չեն վնասի՝ այսինքն մեր կյանքն ու առողջությունը»:
Անցած տարի բնապահպանների մի խումբ այս խնդրով քննարկում է անցկացրել, և մի շարք առաջարկներ մշակել, որոնցից են պոլիէթիլենային իրերի վճարովի դարձնելը օրենսդրական դաշտում, ժողովրդի իրազեկումը բոլոր հնարավոր եղանակներով, արտերկրի փորձի ուսումնասիրումն ու գործուն մեխանիզմների որդեգրումը: Բնապահպաններ Կարինե Փանոսյանն ու Լևոն Գալստյանը հանդիպել են «Սանիտեկ» ՍՊԸ-ի տնօրենին, ու առաջարկել համագործակցել՝ մեքենաներ ու արկղեր առանձնացնել տոպրակների ու պլաստիկե տարաների համար: Տնօրենը հաղորդել է, որ դա սարսափելի թանկ կարժենա, քանի որ նոր մեքենաներ են հարկավոր, նոր սարքավորումներ, և իրավասություն չունի փոփոխություններ իրականացնելու.իրավասությունը Երևանի քաղաքապետարանինն է։
«Ծրագրում ենք առաջարկել Երևանի քաղաքապետարանին, որ աղբահանության օպերատորը յուրաքանչյուր տարածքում տեղադրված աղբարկղներից մեկն առանձնացվի միայն պլաստիկի համար՝ կատարելով դրանց վրա համապատասխան գրառում»,- մեզ հետ զրույցում ասում է Լևոն Գալստյանը: Բնապահպանը կարևորում է նաև աղբավայրային առանձին տարածքների տրամադրումը, որտեղ կհավաքվի միայն պոլիէթիլենային աղբ, ինչը կհեշտացնի վերամշակող ընկերությունների գործը։