Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵՑ ԳԵՐՄԱՆԻԱ

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը մեկնել են գերմանական Մյունխեն քաղաք, որտեղ վաղը կոնգրեսների միջազգային կենտրոնում կայանալու է ՖԻՖԱ-ի 56-րդ կոնգրեսը:

Վերջինիս ընթացքում կքննարկեն մի շարք ֆուտբոլային հարցեր եւ հնարավոր են նորամուծություններ: Կոնգրեսն իր աշխատանքները կավարտի հունիսի 8-ին:

Հաջորդ օրը կոնգրեսի մասնակից ազգային ֆեդերացիաների ղեկավարները ներկա կլինեն 2006 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթի հանդիսավոր բացմանը, որին կհաջորդի Գերմանիայի եւ Կոստա Ռիկայի հավաքականների հանդիպումը:

Թեեւ Հայաստանին բախտ չի վիճակվել մասնակցելու աշխարհի առաջնությանը, սակայն Հայաստանում նույնպես մեծ անհամբերությամբ են սպասում աշխարհում ամենամեծ մասայականությունը վայելող այս միջոցառմանը:

Ի դեպ, Իրանի հավաքականի կազմում Գերմանիա է մեկնել նաեւ մեր հայրենակից Անդրանիկ Թեյմուրյանը, որը 8-րդ հայ ֆուտբոլիստն է, որը մասնակցում է աշխարհի առաջնություններին: