Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԵՑԻՆ

Սպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականը հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ժամը 00:45 ժամանեց Երեւան, որտեղ` «Զվարթնոց» օդանավակայանում հավաքականի անդամներին դիմավորեցին բարձրաստիճան պաշտոնյաներ, մեծ թվով լրագրողներ եւ շախմատասերներ: Մեր գրոսմայստերները բավական հուզված էին եւ չկարողացան ինչպես հարկն է պատմել օլիմպիադայում իրենց ելույթների մասին, սակայն այնուամենայնիվ պատասխանեցին լրագրողների մի քանի հարցերի:

Հավաքականի ավագ մարզիչ Արշակ Պետրոսյանը նշեց, որ սա պատմական պահ էր ողջ հայ ազգի համար. «Մեր թիմը իրոք ուժեղ էր եւ արժանի էր այս հաղթանակին եւ այն օրինաչափ էր»:

Վլադիմիր Հակոբյանը համակարծիք էր մարզիչի հետ եւ ասաց. «Առանց համեստության պետք է նշել, որ մենք հավատում էինք մեր ուժերին եւ գիտեինք, որ կարող ենք դառնալ չեմպիոն»:

Հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը չէր ժամանել եւ Թուրինից միանգամից մեկնել էր Գերմանիա, որտեղ հանդես է գալիս ակումբային մակարդակով: Նրա մտերիմ ընկեր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը տեղեկացրեց, որ Լեւոնը հավանաբար առաջիկայում կայցելի հայրենիք: Իսկ այն հարցին, թե ինչպես Սարգսյանին հաջողվեց մասնակցել բոլոր 13 հանդիպումներին եւ 10 միավոր վաստակել, շախմատիստն ասաց. «Ուղղակի լավ էր ստացվում եւ հավաքականի մարզիչները վստահում էին»: