Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայր Աթոռն ընդունել է ուխտավորների

Պաշտոնական
ator

Հուլիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ավելի քան 30 ուխտավորների` ուղեկցությամբ Բոստոնի Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վազգեն քահանա Կուզույանի և Մինեսոտայի Ս. Սահակ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի: Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով ուխտավորներին, գոհունակությամբ նշեց, որ հաճելի է տեսնել նրանց ներկայությունը Հայրենիքում և հատկապես համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Հայոց Հայրապետը կարևորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, որոնց շնորհիվ հայորդիները հնարավորություն են ունենում իրենց ուխտը վերանորոգելու և ոգեշնչվելու, ինչպես նաև առավել զորանալու իրենց ազգային ինքնությամբ: Իր հայրապետական օրհնությունը բերելով ուխտավորներին` Նորին Սրբությունը բարձր գնահատեց նրանց հավատարմությունը հանդեպ հայոց նվիրական սրբությունները և ազգային հարուստ ժառանգությունը: Վեհափառը վերհիշեց նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ իր կողմից կատարված հովվապետական այցելությունները, որոնց ընթացքում մշտապես նկատելի է եղել սերը Հայ Եկեղեցու նկատմամբ և բացառիկ նվիրումը ազգային-եկեղեցական կյանքին: Վերջում Նորին Սրբությունն առ Աստված աղոթքով մաղթեց, որ Տերն իր մշտական օրհնության ներքո պահի ու պահպանի ամենքին սիրո և նախանձախնդրության բարձր գիտակցության մեջ: Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին: Մայր Աթոռ