Ազատամարտիկները Թալիշի մոտ սահմանապահ ավան կհիմնեն (տեսանյութ)
Նախկին ազատամարտիկները պատրաստ են մեկնել ԼՂՀ Մարտակերտի վարչական շրջանի Թալիշ գյուղի հարակից տարածքում մշտական բնակության՝ գյուղի տարածքում հատուկ ինքնապաշտպանական, սահմանապահ ավան հիմնադրելու: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նրանք հայտարարեցին, որ իրենց նպատակը Թալիշի սահմանների պաշտպանության ամրապնդումն է, գյուղի վերականգնումը եւ նախկին բնակչության վերադարձը: Ինչպես նշեց «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խալափյանը՝ Թալիշի հարցը միակողմանի չի կարող լուծվել, քանի որ այն վերածվել է չեզոք գոտու. «Ոչ պատերազմ ոչ խաղաղություն վիճակ ունենք այսօր: Մեր ծրագրի իրականացման համար աջակցությունը միայն փողը չէ: Ծրագիրը միտված է Թալիշի հողը փայփայելուն: Այդ նպատակով ստեղծում ենք ավան, բնակեցնում հզոր կամքի տեր մարդկանցով, անգամ կարող ենք հերթափոխով մեկնել ապրելու կամ մշտական բնակության մնալ: Այս հանգամանքը հույս կներշնչի մեր պատանիներին ու կքաջալերի մեր զինվորներին»: Ծրագրի հեղինակ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Էդուարդ Պոլատովն ընդգծեց, որ այս ծրագիրն իրենք ուղարկել են ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին. «Քանի որ մեզ համար պարզ չէ, թե երբ է գյուղը ազատագրվելու, անհրաժեշտ է արագ իրականացնել ծրագիրը: Այս պարագայում կարեւորը մեզ չխանգարեն: Ուզում ենք Թալիշի հարակից՝ առավել անվտանգ տարածքներում՝ չորս հեկտարի վրա, մեզ համար ավան դնենք ու գործ անենք, երկրին օգտակար լինենք: Ինչի՞ համար է անհրաժեշտ հանդիպել ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների հետ, որպեսզի ստանանք ինչպես անվտանգության երաշխավորում, այնպես էլ քննարկենք ծրագրի իրականացման ֆինանսական հարցերը: Ինչու եմ սա ասում, քանի որ թալիշցիների հետ հանդիպումներից մեկի ժամանակ վստահեցրել էին, որ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ բրոնե ժիլետներ կտան ու անվտանգությունը կապահովեն, սակայն ոչինչ էլ չեղավ»: Պարոն Պոլատովը նաեւ նշեց՝ իրենք զինված չեն ապրելու՝ իրենք խաղաղ բնակչություն են. «Եթե ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները մեր անվտանգությունը չապահովեն, մենք չենք կարող գնալ, մենք գնում ենք կամավոր ապրելու, մենք գիտենք՝ ուր ենք գնալու»: Իսկ հայկական երկու պետությունների ղեկավարներին իրենց ուղղված նամակների պատասխանների ժամկետը, նրա խոսքերով, լրանում է երկու օրից. «Իշխանությունների հետ մենք քննարկումներ ենք ուզում, թե ինչպես են պատկերացնում ծրագրի իրականացումը իշխանությունները: Ուզում ենք հասկանալ՝ համագործակցելո՞ւ են մեզ հետ, թե՞ խանգարելու են: Եթե պատասխան չստանանք, դիմելու ենք մյուս քայլին՝ մենք կհասկանանք, որ նրանք Թալիշ գյուղը ծախել են»: Իսկ թե որ դեպքում իշխանությունները կարող են խանգարել իրենց, Էդուարդ Պոլատովը պատմեց սովետական հին մի անեկդոտ. «Հայկական ռադիոյին հարցնում են՝ հնարավո՞ր է բռնաբարել Աբովյան փողոցում, պատասխան՝ ոչ, խորհուրդներով կտանջենք: Մեզ էլ կարող են խանգարել ստից խորհուրդներով, սուտ ինֆորմացիաներ տարածելով»: Ծրագրի իրականացնողները նաեւ նշեցին, որ իշխանությունների հետ բանակցությունների հաջորդ հարցը «Թալիշ» հիմնադրամում առկա գումարների տրամադրումն է այս ծրագրի իրականացման համար: Ի դեպ, արդեն մեկ միլիոն ութ հարյուր հազար դրամ Լոս Անջելեսից ուղարկվել է «Հայաստան» հիմնադրամի միջոցով: Առաջին խմբով Թալիշ պատրաստվում է մեկնել մոտ երեք հարյուր մարդ՝ ընտանիքներով, թեեւ սկզբում նախ կգնա 30-40 տղամարդ: Օրինակ՝ «Միջազգային խաղաղապահներ Բայազեթ» կազակական խաղաղապահ զորքերի աղջիկների հրամանատար, փոխգնդապետ Անուշ Զուրաբյանը պատրաստվում է իր հինգ տարեկան երեխայի գնալ ու ապրել Թալիշում: