ԲՀԿ-ն Սամվել Բալասանյանին չի սատարելու
Սեպտեմբերին Գյումրիում և Վանաձորում կայանալու են ՏԻՄ ընտրություններ։ Խոսակցություններ էին պտտվում, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտպանելու է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը։ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ԲՀԿ-ն Սամվել Բալասանյանի թեկնածությունը չի սատարելու։ Ոչ ուղիղ, ոչ անուղղակի, ոչ գանգուր և չգիտեմ ինչ, մենք նրա թեկնածությունը չենք պաշտպանելու»,-այսօր ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա մանրամասնեց, որ ունեն ուժեղ տարածքային կառույց ինչպես Գյումրիում, այնպես էլ Վանաձորում և առաջիկայում կորոշեն, թե ով է իրենց համար քաղաքապետի նախընտրելի թեկնածուն։ Արդյո՞ք ԲՀԿ-ից դուրս եկած անդամները չեն ջլատում կուսակցությունը, պարոն Մելքումյանը պատասխանում է. «ԲՀԿ-ն ոչ ոք չի կարող ջլատել։ Մենք ամուր ենք, ունենք ամուր կառույցներ և շարունակելու ենք աշխատել»։ «Ա1+»-ի հարցին՝ հնարավոր չէ՞, որ ինքն էլ մի օր լքի կուսակցությունը, պարոն Մելքումյանն ասաց. «Ոչ, ես դուրս չեմ գալու ԲՀԿ-ից։ Եվ ասեմ, որ 2006 թվականին ԲՀԿ-ն հիմնած տասն անձանցից մեկն եմ ես»։