Ընտանիքների անապահովության գնահատման նոր մոտեցում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հուլիսի 6-ին քննարկվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգի և ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների հասցեականության բարձրացման խնդիրները: Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով քննարկման թեման, նշել է, որ այն սոցիալական պաշտպանության ոլորտի կարևորագույն ծրագրերից մեկն է: «1999թ. ներդրված համակարգը պետք է ավելի կատարելագործվի, պետք է բարձրացվի համակարգի հասցեականությունն ու արդյունավետությունը և համապատասխանեցվի ներկայիս սոցիալ-տնտեսական իրողություններին»,- նշել է նախարարը և հավելել, որ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում ստեղծվել է օղակ, որն այսուհետ զբաղվելու է տնային տնտեսությունների ամբողջացված հետազոտությունների վերլուծությամբ և ուսումնասիրությամբ: Նախարարը նաև անդրադարձել է վերջին տարիներին նպաստների համակարգում կատարված բանաձևերի,գործակիցների փոփոխություններին և վստահություն հայտնել, որ այդ խնդիրները համալիր լուծման արդյունքում ցանկալի արդյունք կտան: Հանդիպման ընթացքում Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է «Օքսֆամ» հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացրած «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի գնահատման զեկույցը, որի նպատակը պետական բյուջետային ծրագրերի իրազեկվածության մակարդակի բարձրացումն է և համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, ներկայացվել է Հայաստանում աղքատության և առողջապահական պատկերը, նպաստառուների կենցաղային պայմանները, եկամուտներն ու ծախսերը, ներկայացվել են նաև առաջարկություններ: Նախարար Արտեմ Ասատրյանը գնահատելով կատարված հետազոտությունը, նշել է, որ բարձրացված խնդիրների հիմնական մասին նախարարությունը թեև ծանոթ է, սակայն անկախ գնահատումը ևս օգտակար կլինի համակարգի հետագա փոփոխությունների համար: Հանդիպման ընթացքում ներկայացվել են սոցիալական աջակցության ծրագրերի տրամադրման գործընթացի ներդաշնակեցման հարցերը, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ընտանիքների անապահովության վիճակագրական գնահատման բաժնի կողմից կատարված աշխատանքները: Քննարկվել են «բացակա» և «հարգելի բացակա» անդամ ունեցող ընտանիքների ուսումնասիրությունների արդյունքները և ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ամփոփելով քննարկումը՝ նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին մասնակցության և կատարված աշխատանքների համար և հանձնարարել տասնօրյա ժամկետում բարձրացված հարցերը և հնչած առաջարկությունները ի մի բերել և նախանշել առաջիկա անելիքները: Հանդիպմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաներ, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ինստիուտի, «Օքսֆամ» հայաստանյան մասնաճյուղի և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին