«Առաջիկա ընտրություններում քաոսային իրավիճակ է ստեղծվելու» (տեսանյութ)
ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը համոզված է՝ առաջիկա ընտրություններում քաոսային իրավիճակ է ստեղծվելու: Ռեյտինգային ընտրությունը կայուն մեծամասնության ապահովման խնդիր պետք է լուծի. «Եթե դուք այդ ցուցակով եք առաջադրվել, դուք ձեր համար հավաքում եք, դա գնում է նաեւ կուսակցության օգտին, որ որեւէ մեկը չասի ես շատ եմ հավաքել, ցուցակի հետեւի համարում եմ: Սա այս պարագայում կարծես թե արտաքուստ ինչ- որ արդար բան ունենա, բայց հիմքում ընկած է հետեւյալը. 20 հոգի մի տեղամասում կգնան, կհավաքեն ֆինանսական լծակներով ձայներ՝ թաղային հեղինակությունների, վարչական լծակների միջոցով եւ դա կդառնա այդ կուսակցության ձայները: Սա արդար է, շատ մեղմ կլինի ասել ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ստեփան Մարգարյանը: Նրա խոսքերով՝ եթե մաքուր եւ քաղաքական պայքարի ձեւով գնան ընտրությունները եւ հավասար լինեն բոլորի համար, ապա բոլորը կօգտվեն, սակայն մեզ մոտ այլ կերպ է լինելու. «Վարչական լծակներ չունեք, գյուղապետը քո կուսակցության անդամը չէ, որ ազդեցություն ունի: Այլ իրավապահ համակարգեր, պաշտոնյաներ, որոնք որպես կանոն խառնվում են ընտրություններին, խառնվում են միայն իշխանության ներկայացուցիչների օգտին»: Ի դեպ, այսօր նորաստեղծ կուսակցության նախագահը նշեց, որ համակարգը այնպես պետք է լինի, որ ապահովի կուսակցությունների դերի բարձրացում, սակայն հիմա այն ավելի է իջնում: Ի դեպ, կուսակցությունը ներկա պահին քաղաքացիների հետ ակտիվ հանդիպումներ է անցկացնում: Մարդիկ ավելի ակտիվ են, քան իրենք սպասում էին: «Եթե չհաջողվի ակտիվությունը ավելի մեծացնել, որեւէ արդյունքի չենք հասնի »,- եզրափակեց Ստեփան Մարգարյանը: