«Չեն էլ բարեհաճում իջնել-խոսել». ակցիա՝ կառավարության մոտ (տեսանյութ)
2008 թվականից Երևանի Կոնդ թաղամասի բնակիչները դուրս են եկել սեփական բնակարաններից ու մինչև այսօր փողոցում են։ Այսօր նրանք կրկին Կառավարության շենքի մոտ էին՝ չնայած հորդառատ անձրևին։
«Մեզ խոստացել էին տները քանդելուց հետո երեք տարվա ընթացքում բնակարանները կառուցել, տեղում նորոգված բնակարաններ տալ, այսօրվա դրությամբ տունը չկա, մի հատ կիսակառույց շենք են կառուցել, բայց այդ մի շենքը տասը տարում չեն ավարտում»,- ասում է Նարինե Հովհաննիսյանը։
Կոնդեցիների խոսքով՝ «Դվին» հյուրանոցի հարևանությամբ «Ի-ԷՄ-Էս» ընկերության կողմից կառուցվող շենքը չի բավարարի բոլոր կոնդեցիների բնակարանային պահանջները։
«14 800 քառակուսի մետր պիտի փոխհատուցեն, քանի՞ շենք պիտի կառուցեն, որ այդքան մարդու փոխհատուցեն։ Ասում ենք՝ գոնե փոխհատուցում տվեք, գնանք տուն գնենք, չեն էլ ուզում լսել, չեն էլ բարեհաճում իջնել-խոսել, չեն էլ բարեհաճում ընդունել։ Ես չգիտեմ՝ Կառավարությունը ում համար է նիստ անում»,- ասում է Նարինեն։
Մինչ բնակարաններ ստանալը, կոնդեցիների մեծ մասը վարձով է բնակվում։ Սակայն, ըստ նրանց, Կառավարությունն արդեն դա էլ չի ապահովում. «Վարձ պետք է տային, երկու ամիս է՝ վարձերն էլ չեն տալիս։ Անձամբ ես վարձ չեմ ստանում, բնակվում եմ Աբովյան քաղաքում, ես իմ թոշակից տրամադրում եմ վարձին»։
Դալմայի այգիների հողօգտագործողները ևս եկել էին Կառավարության շենքի մոտ։ Նրանք պնդում են՝ տարիներ շարունակ իրենց տնօրինության տակ գտնվող հողերը վաճառվել են ներդրողների, իսկ իրենք՝ մոտ 20 հոգի, որևէ փոխհատուցում չեն ստացել։
«90%-ի փոխհատուցումը տվել են, մերը՝ էս 10%-ինը չեն տալիս ՝ պատճառաբանելով, թե գումար չունի Երևանի քաղաքապետարանը։ Մեզ խաբեցին, թե ձեր հողերը պատմամշակութային տարածք է որպես սեփականություն ձեզ չի հասնում, որից հետո գողտուկ հողերը իրենք սեփականացրել են ու վաճառել են՝ մենք խաբար չենք եղել»,- նշում են Դալմայի այգիների հողօգտագործողները։
Աշխատավարձերի վճարումով չլուծվեց նաիրիտցիների խնդիրը, պնդում են կաուչուկ արտադրող գործարանի նախկին աշխատակիցները։ Դեռևս գործարանում աշխատող 160 հոգու կեսն էլ հաջորդ ամսվանից գործազուրկ կդառնա։ Նրանք պատրաստ են հրաժարվել անգամ տույժ ու տուգանքի գումարներից, միայն թե Կառավարությունն անի ամեն ինչ, որ «Նաիրիտը» նորից աշխատի։
«Նաիրիտցիներին խաբեցին. պիտի կամ աշխատեցնեին գործարանը կամ պիտի տույժերը վճարեին, այսօրվա դրությամբ ոչ սա են անում, ոչ այն են անում։ Դրսից շատ մարդիկ են եկել գործարանը վերցնեն աշխատացնելու, երևի Կառավարությանը դուր չի եկել կամ սրտով չի եղել, թողել գնացել են»,- ասում է նաիրիտցիներից մեկը։
Բողոքի ակցիան սակայն երկար չտևեց։ Անձրևի տարափից բողոքող քաղաքացիների շարքերն սկսեցին նոսրանալ։