Չեմ սիրում հայտնի դերասանների գալը. «Ոսկե ծիրան»-ի տնօրեն (տեսանյութ)
«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին: Այն 13-րդ անգամ Երեւանում կանցկացվի հուլիսի 10-17-ը: «Փառատոնն այդ անկախության ծնունդ է, այն ներառում է այն բոլոր հասկացությունները, որոնք բնորոշում են անկախությունը՝ խաղաղություն, մարդասիրություն, ժողովրդավարություն»,- նշում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա վստահ է, որ փառատոնի շնորհիվ հնարավոր է եղել վերացնել բազմաթիվ սահմաններ, որոնք գոյություն ունեին Հայաստանի և աշխարհի միջև: Այսօր Հայաստանում, բավական դժվար ժամանակներ են, ասում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նա ուրախ եւ միեւնույն ժամանակ զարմացած է, որ փառատոնը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում. «Ավելի կարևոր հարցեր կան, բավականին դժվարացել է ֆինանս ճարելը, բայց մենք կարողացանք: Բոլորը կարեւորեցին փառատոնի միջազգային դերը, նաև հենց հայկական կինոյի համար»: Հարություն Խաչատրյանը հրաժարվեց ասել, թե այս տարի, որ հայտնի դերասանն է գալու Հայաստան՝ դա անակնկալ է: Բայց նա միեւնույն ժամանակ անկեղծացավ, որ այդքան էլ կողմ չէ հայտնի դերասանների այցին. «Ես չեմ սիրում դերասանների գալը, որովհետեւ դա անիմաստ եւ մեծ ծախս է: Դրա փոխարեն ես նախընտրում եմ մի քանի ֆիլմ բերել: Հայ աստղերն են կապրիզներով, արտասահմանցիներն ավելի բարդ են: Շատ դժվար ու ծախսատար է»: Փառատոնը բացվելու է 1926 թվականին «Հայկինո»-ի կողմից նկարահանված «Զարե» ֆիլմով, որն առաջին անգամ պատկերել է այլազգիների կյանքը. «Առաջին ֆիլմը նվիրված է քրդերին, եզդիներին: Որպես մարդասեր, ժողովրդավար ազգ, մենք որոշեցինք հենց այս ֆիլմով բացել փառատոնը»: Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային ծրագրում ընդգրկվել է 135 ֆիլմ: Փառատոնի պետական բյուջեն այս տարի էլ մնացել է անփոփոխ՝ 50 միլիոն դրամ: