«ՓՅՈՒՆԻԿԸ»` ԿՐԿԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՄԲՅՈՒՂՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի վերջին 5 տարիների անփոխոխ չեմպիոն Երեւանի «Փյունիկը» այս տարի հուլիսին կրկին հանդես կգա Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում:
ՈւԵՖԱ-ն, մինչեւ հունիսի 23 կայանալիք վիճակահանությունը, արդեն թիմերին ըստ վարկանիշի բաժանել է 2 զամբյուղների եւ Հայաստանի չեմպիոնը հայտնվել է ամենաթույլ` 2-րդ զաբյուղում, որտեղ ընդգրկված են նաեւ այնպիսի երկրներ ինչպիսիք են Լյուքսեմբուրգը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ֆարերները եւ այլոք: Իսկ ահա «Փյունիկի» մրցակիցը կլինի մի փոքր բարձր վարկանիշ ունեցող 1-ին զաբյուղից, որտեղ հայտնվել են Վրաստանի, Սլովենիայի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Կիպրոսի, Բոսնիայի եւ Իսլանդիայի չեմպիոնները: Այստեղ կարելի է առանձնացնել հատկապես Բոսնիայի չեմպիոն «Շիրոկի Բրիյեգին», կիպրական «Ապոլոնին» եւ լատվիական «Մետալուրգին»:
Չեմպիոնների լիգայի նախորդ 4 խաղարկություններից 3-ում «Փյունիկին» հաջողվել է հաղթահարել 1-ին փուլի արգելքը, իսկ ահա 2-րդ փուլում Հայաստանի չեմպիոնը անհաջողության է մատնվել: Նախորդ տարի «Փյունիկը» 1-ին փուլում ընդհանուր 2:3 հաշվով պարտվեց ֆիննական «Հակային», որին երեւանյան մրցավեճում հաղթում էր 2:0 հաշվով, սակայն ի վերջո հանդիպումն ավարտվեց 2:2: Այդ ժամանակ «Փյունիկը» մարզում էր հոլանդացի Հենկ Վիսմանը, որի օրոք թիմը զգալիորեն նահանջ էր ապրել:
Հունիսի 23-ին կկայանա նաեւ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի հանդիպումների վիճակահանությունը: Հայաստանն այս մրցաշարում կրկին կներկայացնեն գավաթակիր «Միկան» եւ բրոնզե մեդալակիր «Բանանցը»: Հայկական թիմերի մրցակիցները կարող են լինել Շվեյցարիայից, Լեհաստանից, Սլովակիայից, Մոլդովայից, Հունգարիայից կամ Վրաստանից: Նշենք, որ այստեղ բացառությամբ մոլդովական եւ վրացական թիմերի, մնացածը բավական ուժեղ ակումբներ են: Օրինակի համար նշենք, որ Շվեյցարիան ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում ներկայացնելու են «Բազելը» եւ «Յանգ Բոյզը»: Այս ակումբները իրենց կարողություններով մի քանի գլուխ բարձր են մյուսներից: Վերը նշված «Բազելը» վերջերս ավարտված ՈւԵՖԱ-ի գավաթի 2005-06թթ. խաղարկությունում հասել էր մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ հավասար պայքարում զիջեց եզրափակիչի մասնակից անգլիական «Միդլսբորոյին»: