Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնդկաստանի դեսպանն ուզում է յոգան տարածել Հայաստանում (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-hndkastani-despan

Հունիսի 21-ը յոգայի միջազգային օրն է: Այդ առիթով այսօր Մոսկվա կինոթատրոնում կազմակերպվել էր  յոգայի ցուցահանդես, որը կտևի մինչ հունիսի 14-ը: Նման ֆոտոցուցահանդես Երևանում կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ: «Օրվան խորհրդին ընդառաջ մենք սկսել ենք ֆոտոցուցահանդեսից և նախատեսել ենք մի շարք միջոցառումներ անցկացնել նաև հենց հունիսի 21-ին՝ Թումանյանի այգում: Այս կերպ փորձում ենք հայերի մեջ բարձրացնել հետաքրքրությունը դեպի յոգան, բացատրել մարդկանց, թե  իրականում ինչ է յոգան իրենից ներկայացնում: Հնդկաստանն  այժմ շատ մեծ կարևորություն է տալիս յոգայի տարածմանը: Դա առողջ ապրելակերպ է, յոգան առողջացնում է մարդու միտքը և հոգին, բերում է հոգեկան ներդաշնակություն և շատ կարևոր է առողջ հասարակարգի  ձևավորման համար: Հնդկաստանում շատ մեծ տարածում ունի այն և այդ պատճառով ցանկանում ենք նաև Հայաստանում  յոգան տարածել և կիսել մարդկանց հետ»,- «Ա1+» –ի հետ զրույցում  նշեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան  Յոգեշվար  Սանգվանը: Դեսպանի տեղեկացմամբ՝ ինքը ևս զբաղվում է յոգայով: Նա  ներկայացրեց մանրամասներ. «Յոգայի կոնկրետ այն տեսակով, որով ես ինքս եմ զբաղվում՝ կրիյա յոգան է, դա մարդուն տալիս է ներքին խաղաղություն և երջանկություն: Կրիյա յոգան գիտական տեխնիկա է, որի միջոցով մենք կապ ենք հաստատում  մեզ ստեղծող   բարձրյալի հետ: Բարձրյալը, երբ որ մեզ ստեղծել է, մենք բոլորս էլ կապ ենք ունեցել նրա հետ, սակայն ապրելով այս աշխարհում, մենք որոշակիորեն կորցնում  ենք այդ կապը նրա հետ, որովհետև  անցնում ենք որոշակի տառապանքների և փորձությունների միջով, իսկ երբ որ կարողանում ենք վերահաստատել այդ կապը, մեր ներսում առաջանում է երջանկություն և խաղաղություն»,-ասաց  դեսպանը: «Ա1+»-ը դեսպանից հետաքրքրվեց նաև  Հնդկաստանի և Չինաստանի հետ Մետաքսի ճանապարհի կառուցման հեռանկարներին, ինչի մասին մայիսի 20-ին Երևանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին  խոսել էր նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մինչև   Հայաստան ժամանելս, ես աշխատում էի որպես փոխդեսպան Հնդկաստանի դեսպանությունում, որը գտնվում է Իրանում: Ես Իրանում խոսել եմ Հայաստանի դեսպանի հետ  և նա ինձ պատմել է այս ծրագրի մասին : Շատ մանրամասներ չգիտեմ, բայց մենք մեծ սիրով  պատրաստ ենք դա քննարկել, և եթե հնարավոր է, համագործակցել ու իրականացնել այդ ծրագիրը: Երբ որ ծրագրի մանրամասներին տեղեկանամ, մենք, անպայման, դա Հայաստանի կառավարության հետ կքննարկենք, սակայն կարող եմ ասել, որ եթե դա վերաբերում է մարդկանց բարեկեցությանը , եթե դա տնտեսական նոր լծակներ կտա, եթե մարդիկ դրանից ավելի լավ կապրեն, ապա  մենք միանշանակ պատրաստ  կլինենք աջակցել այդ ծրագրին»: