ԴԵՆԻՍ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ՉԻ ԳԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայազգի ֆուտբոլիստ Դենիս Թումասյանը, որը հանդես է գալիս Մոսկվայի «Տորպեդոյում» վերջերս հրավիրվել էր Ռուսաստանի երիտասարդական հավաքական՝ վաղը Բելառուսի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը մասնակցելու համար:
Սակայն վնասվածքի պատճառով մարզիչները նրան հետ են ուղարկել «Տորպեդո», եւ հայ ֆուտբոլիստը նորամուտը Ռուսաստանի երիտասարդականում ձախողվել է:
Ավելորդ չէ նշել, որ Թումասյանին հրավիրել էր նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը, սակայն «Տորպեդոյի» ղեկավարությունը թույլ չէր տվել ֆուտբոլիստին մեկնել Երեւան:
Դենիսը բարձրահասակ խոստումնալից պաշտպան է եւ ժամանակին արդեն հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան հավաքականում: Ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության` ֆուտբոլիստը իրավունք ունի փոխել ազգային թիմը մինչեւ 21 տարեկանը լրանալը, որից հետո դա նրան արգելվում է, այնպես որ եթե շուտով չհաջողվի Թումասյանին ընդգրկել Հայաստանի հավաքականում, ապա կկորցնենք հերթական հայազգի տաղանդավոր ֆուտբոլիստին: