«Ադրբեջանը գաղտագողի հարձակվել է մեր քնած դիրքերի վրա» (տեսանյութ)
ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը երեք օր առաջ է վերադարձել երկրորդ մարտական ուղուց: Առաջինը դեռ աչքի առաջ է՝ պատգամավորական սեղանին, ապակու տակ: Քառօրյա պատերազմի օրերին ինքը Ջեբրայիլի դիրքերում էր: Տեսել է, թե ինչպես է հայկական բանակը կորցնում 800 հեկտարը. «Մենք էս պատերազմում հաղթած վիճակում ենք»: Շտապել պետք չէ,-ասում է հանրապետական պատգամավորը,-վաղը գուցե արթնանանք եւ կորցրած 800 հեկտարը կրկին հայկական կողմինը լինի: Եվ ոչ մի զիջում այլեւս, ոչ մի 5 շրջանի վերադարձ հանուն Ղարաբաղի անկախության. «Մենք ունենք առաջ գնալու, մոռացեք էդ հողի մասին, դա մեր հողն ա, առաջ գնալու ունենք, եթե մի 5 հատ էլ վերցնենք, կարող ա մի հատը զիջենք»: Առաքել Մովսիսյանը գրեթե երազելով է ասում, թե ադրբեջանական ինչ նոր հեկտարներ կցանկանար տեսնել հայկական բանակի տրամադրության տակ. «Օրինակ, Միրբաշիրը, օրինակ Թարթառը, Նավթալանը, Նախիջեւանը, Կիրովաբադը, Գետաշենը, որն էլ լինի մեր համար՝ ինչքան շատ, էնքան լավ, նոր հետո թող գան խոսան՝ որն ենք տալիս իրանց: Թե չէ էսի արդեն գծած ա»: Արմավիրցի մեկ այլ նախկին հրամանատար, պատգամավոր Ռուստամ Գասպարյանը հայկական բանակի կորցրած տարաքները նույնպես ողբերգության թեմա չի դարձնի. «Քանի որ ուրեմն, Ադրբեջանը իր ամբողջ հզորությունով գիշերը գաղտագողի, ինչպես իրան հատուկ հարձակվել ա քնած երկրի քնած դիրքերի վրա, ու ընդմանեը ի՞նչ ա արել, մի քանի մետր մի քանի բարձունք կարացել ա առաջ գա»: Ողբերգություն կլիներ, եթե ադրբեջանցիները խորանային 10 կիլոմետր, բայց մի 800 հեկտար են կարողացել վերցնել. «800 հեկտարը դա մի գյուղի կես չափ»: Պատգամավորն ավելացնում է՝ 2 հազարից ավելի զոհեր են տվել ադրբեջանիցները 800 հեկտարի համար: Իհարկե, հնարավոր է, որ հայկական կողմը կրկին վերցնի կորցրած դիրքերը. «Ընդամենը մի քանի կորցրած բարձրունք։ Լալա Յագի բարձունքը ընդեղ ամայի տարածք ա, բնակչություն չկա»: Ի դեպ, 800 հեկտար կորցնելու համար պարոն Գասպարյանը Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական ղեկավարությունից ոչ մեկին չի մեղադրի, Սերժ Սարգսյանին՝ հատկապես: