Հայաստանը կարող է դիմել Միջազգային քրեական դատարան (տեսանյութ)
«ՄԻԵԴ դիմողը պետք է լինի այն անձը, ով տուժել է տվյալ իրավիճակից, իսկ Միջազգային քրեական դատարան դիմողը մեր պետությունն է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և դատարանի կազմում գտնվող դատախազը, որը կարող է իր նախաձեռնությամբ հարուցի գործ: ՄԻԵԴ-ում պատասխանող կողմը պետությունն է , իսկ քրեական դատարանը պատասխանատվության է ենթարկում ոչ թե պետությանը, այլ այդ երկրի քաղաքացիներին»,- բացատրում է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ խոսելով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ձեռնարկելիք քայլերի մասին: Փաստաբանի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ-ը ճանաչում է կոնվենցիաների խախտումը, իսկ Միջազգային քրեական դատարանը հիմնականում ունի երեք հոդված, որոնցով էլ ֆիզիկական անձանց է մեղավոր ճանաչում. «Մեղավոր ճանաչելուց հետո կարող է դատարանը դատապարտել մինչև 30 տարվա կամ ցմահ ազատազրկման: Սակայն մեր դեպքում Հայաստանը չի կարող դիմել Միջազգային քրեական դատարան, քանի որ այն ղեկավարվում է Հռոմի ստատուտով, իսկ Հայաստանը ստորագրել է այդ փաստաթուղթը, սակայն դեռևս չի վավերացրել այն»,-նշեց Նիկոլայ Բաղդասարյանը: Վերջինիս խոսքերով՝ Միջազգային քրեական դատարանն ունի որոշակի սահմանափակումներ: Նա կարող է միայն քննել այն գործերը, որի ստատուտին միացել են տվյալ պետությունները կամ այն պետության քաղաքացին, որն անդամ է այդ դատարանի և նա է կատարել այդ հանցագործությունը: «Մենք չունենք ոչ առաջին և ոչ էլ երկրորդ դեպքը, սակայն միևնույն ժամանակ այդ նույն ստատուտը երկու բացառություն է նախատեսել՝ առաջինը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն է դիմում՝ համապատասխան իրավական հիմքերը ներկայացնելով: Երկրորդ՝ մեր պետությունը կարող է վերապահում անել՝ դիմում ներկայացնել՝ ասելով, որ միայն այս կոնֆլիկտի հարցը լուծելու համար խնդրում եմ այս գործերը քննեք: Այս վերջին դեպքով ընդունելության չափանիշներն ավելի դյուրին են: Հարց կարող է առաջանալ, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված չէ և այլն , սակայն այստեղ էլ նախադեպեր կարող ենք վկայակոչել, օրինակ Սուդանի դեպքը, երբ որ ՄԱԿ-ի ԱԽ-ն էր դիմել, այն դեպքում, երբ այդ պետությունը նույնիսկ չէր էլ հանդիսանում ՄԱԿ-ի անդամ և չէր վավերացրել այդ փաստաթուղթը, սակայն նրա գործը քննվեց»,- շեշտեց պարոն Բաղդասարյանը: Վերջինս նաև նշեց, որ ժամանակի իրավասության սկզբունքի հետ կապված խնդիր ևս չի առաջանա Միջազգային քրեական դատարան դիմելու համար, քանի որ այն քննում է 2002թ-ի հուլիսի 1-ից ի վեր կատարված իրադարձությունները, ինչը մեր պարագայում ևս համընկնում է: Մանրամասները՝ տեսանյութում