Հայաստանի ԵՏՄ-ում մնալը անլրջություն է. քաղաքագետ (տեսանյութ)
Ռուսաստանի վարչապետը Հայաստանի նախագահականում էր։ Դմիտրի Մեդվեդևը, որը Երեւանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար առանձնազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Ապրիլյան պատերազմից հետո սա Դմիտրի Մեդվեդևի երկրորդ այցն է Հայաստան: Սերժ Սարգսյանը շտապում է ներկայացնել Վիեննայի հանդիպման մանրամասները: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել զինադադարի ռեժիմի խախտումների մշտադիտարկում անցկացնելու և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ: Մենք, իհարկե, մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի այդ խախտումները չլինեն և հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները հետևողականորեն կիրականացնեն այն որոշումները, որոնք մենք համատեղ ընդունել ենք»,-նշել է Սերժ Սարգսյանը: ԵՏՄ անդամ պետությունների տնտեսությունը զարգացնելու համար գործադրվող ջանքերից խոսելուց բացի՝ ՌԴ վարչապետն անդրադառնում է ղարաբաղյան հակամարտությանը, ասելով. «Ես ուզում եմ միանգամից ասել, որ մենք Ռուսաստանում ուշի ուշով հետևում էինք իրադարձությունների զարգացմանը և մեր ուժերի ներածին չափով օգնել ենք իրավիճակի կարգավորման համար: Կարևոր է, որպեսզի հրադադարի ձեռք բերման համաձայնությունը պահպանվի: Այդ առումով ողջունում ենք նաև ձեր հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ, որպեսզի երկխոսությունը շարունակվի և նման միջադեպերի կրնությունը հետագայում»: Իսկ մինչ նիստի սկսվելը ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվում են: Այնուհետև տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով, ապա ընդլայնված կազմով նիստը: Հովիկ Աբրահամյանը խոսում է Չինաստանի հետ համագործակցությունից, կարևորում Իրանի հետ՝ Հայաստանի սահմանակից լինելը։ Բելառուսի վարչապետն առաջնային է համարում միասնական Մաքսային օրենսգրքի ընդունումը։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը այս նիստը և Հայաստանի ԵՏՄ-ում մնալը որակում է անլրջություն։ «Դա Հայաստանին ակնհայտորեն ոչինչ չի տալիս, միայն վերցնում է Հայաստանից և կաշկանդում Հայաստանի հնարավորությունները հաղորդակցվելու աշխարհի երկրների հետ՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն»,-«Ա1+»-ի հետ զրույցում շեշտեց Ռուբեն Մեհրաբյանը: Վերջինս համոզված է՝ Հայաստանը կարող է և պետք է հնարավորինս արագ դուրս գա այդ միության կազմից: «Մենք, որ կոչենք թե այդ ավտորիտար պետությունները կարող են ինչ-որ ձևով պիտանի լինել մեր կենսական անհրաժեշտության հարցերը լուծելու համար, դա հիմարություն է ուղղակի»,-ասաց նա: Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ ԵՄ-ի հետ ճանապարհները դեռևս բաց են: Այլ խնդիր է, որ Հայաստանը դրանցից չի օգտվում՝ ԵՏՄ կազմում ստանձնած պարտավորությունների պատճառով: Մանրամասները՝ տեսանյութում: