Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցամաքային օպերացիան լավագույն տարբերակն է (տեսանյութ)

Քաղաքականություն
diana-1

Սիրիայի աջակցության միջազգային խմբի Վիեննայում կայացած հանդիպումը ցույց տվեց այն, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման համար գերտերությունները պատրաստ են դիվանագիտական աջակցություն ցույց տալ: «Կողմերը պատրաստ են և դա նկատելի է, որ արտասիրիական որոշ ուժեր, այդ թվում ԱՄՆ-ն, Ռուսաստանը, պատրաստ են, որ նման լուծումներ լինի՝  կրակի դադարեցման հետ կապված»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Հանդիպման ընթացքում մի կողմ էր  դրվել  Բաշար Ասադի վարչակազմի մնալու հետ կապված Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև եղած տարաձայնությունները: Նկատելի է ընդանուր հայտարարի գալու ցանկությունը: «Ես կարծում եմ, որ և ԱՄՆ-ն  և Ռուսաստանն անկեղծորեն  ցանկանում են  Սիրիայի որոշակի հատվածներում , պետք է անպայման շեշտեմ, որ միայն որոշ հատվածներում լինի զինադադար, այստեղ հասնի հումանիտար օգնություն, որոշակի կայունություն լինի, որպեսզի հնարավոր լինի կանխատեսել զարգացումներն այդ հատվածներում»,- շեշտեց արաբագետը: Հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերից կարելի էր հասկանալ, որ ներգրավված կողմերից յուրաքանչյուրն ունի իր նախընտրած ընդդիմադիր  հատվածը: Մինչդեռ արաբագետը համոզված է, որ պետք է համագործակցել  այն հատվածի հետ, որոնք բավականին ազդեցիկ են սիրիական հակամարտության ներկայիս իրավիճակում՝ այս համատեքստում  նկատի ունենալով Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությանը, որը  ըստ բանախոսի՝ ակտիվ պայքարում է ահաբեկչական խմբավորումների դեմ: Այս համատեքստում պարոն Գրիգորյանն ասաց. «Թե  Ջոն  Քերիի,  թե  Լավրովի  հայտարարություններում շեշտվում  էր, որ եթե ընդդիմադիր որևէ խումբ, որևէ ուժ չցանկանա միանալ զինադադարի պայմաններին, ապա նրանց դեմ շարունակվելու է պայքարը, այսինքն այստեղ մեսիջը հստակ է, որ  դեռևս կան ուժեր, որոնք որ բավական ազդեցիկ են և դրանք դուրս են վերահսկողությունից»: Լավրովն ակնարկում էր նաև, որ կան տարածաշրջանային  երկրներ, որոնք խանգարում են՝ առաջին հերթին նկատի ունենալով Թուրքիային, որը շարունակում է աջակցել ահաբեկչական խմբավորումներին: Արաբագետը մատնանշում է դրանց դեմ պայքարելու լավագույն տարբերակը: «Օդային հարվածներն արդյունավետ չեն հատկապես ներկայիս իրավիճակում  Սիրիայում վարվող պատերազմում: Ես կարծում եմ, որ այստեղ ավելի շատ ցամաքային գործողություններ են պետք՝ համատեղ ցամաքային գործողություններ, որոնք որ շատ հարցեր կդնեն իրենց տեղը»,-ասաց նա: «Հայտարարություններից բացի պետք է անցնել կոնկրետ գործողությունների»,-նկատում է Սարգիս Գրիգորյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ թեև գերտերությունները շահագրգռված են սիրիական ճգնաժամը կարգավորելու հարցում, սակայն Սիրիայի ներսում տիրող իրավիճակն այնքան էլ  հուսադրող չէ: Մանրամասները՝ տեսանյութում: