Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն ընդունել է գերմանացի մի խումբ գործարարների

Պաշտոնական
e709ae40-b898-45a6-8d66-6e150a4fd0d1

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության նախագահ Օլաֆ Չիմպկեի գլխավորած գերմանական գործարարների պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Գերմանիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու բնապահպանության ոլորտում արդյունավետ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շնորհակալ է գերմանական կողմին՝ մեր երկրի շրջակա միջավայրի պահպանման, անտառային տարածքների վերականգնման և բնապահպանական բազմաթիվ ծրագրերի իրականացմանն օժանդակելու համար: Գերմանիայի բնության պահպանության միության նախագահ Օլաֆ Չիմպկեն և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և բարձր գնահատել հայ-գերմանական փոխգործակցությունը, այդ թվում բնապահպանության ոլորտում: Օլաֆ Չիմպկեն նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում գտնվող գործարարների նպատակն է նոր կապեր հաստատել հայ գործընկերների հետ, իրականացնել ներդրումային ծրագրեր: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է գերմանացի գործարարների նախաձեռնությունը և նշել, որ տնտեսության տարբեր ճյուղերում Հայաստանն ունի հեռանկարային ծրագրերի իրականացման լավ հնարավորություններ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: