Հայաստանը միանում է «Շեքսպիրն ապրում է» ծրագրի միջոցառումներին (տեսանյութ)
Այս տարի ողջ աշխարհում նշվում է Շեքսպիրի մահվան 400-րդ տարին, որից անմասն չի մնում նաև Հայաստանը: Բրիտանական խորհուրդը միանում է համաշխարհային միջոցառումների շարքին և մայիսի 20-ին Երևանի Մետրոպոլիտենի կայարաններում ներկայացնում է «Շեքսպիրն ապրում է մետրոյում» ծրագիրը: Մեկ օր շարունակ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում կընթերցվեն Շեքսպիրի ստեղծագործությունները, իսկ Փոքր թատրոնի դերասանները կներկայացնեն Shake Speare բեմադրության հատվածներ: Դերասան Արսեն Գրիգորյանը մայիսի 20-ին 14.00-ից սկսած Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում կսկսի Շեքսպիրի ստեղծագործությունների հայերեն թարգմանության ըներցանությունը: Նրան զուգահեռ Փոքր թատրոնի դերասանները կխաղան Shake Speare ներկայացման հատվածներ: «Երիտասարդական» կայարանից հետո դերասանները կուղևորվեն «Հանրապետության հրապարակ» կայարան, ուր կշարունակեն ընթերցանությունը և բեմադրությունը մինչ 17.00-ն: «Ես բախտ եմ ունեցել խաղալու Մերկուցիո «Ասք սիրո մասին» ներկայացմանը, որը բեմադրել էր Արմեն Մազմանյանը: Մինչ օրս էլ շեքսպիրյան իմ սիրելի հերոսներից է: Շեքսպիրն առանձնահատուկ գրող է, կարծում եմ, ոչ միայն իմ, այլև բոլոր դերասանների համար: Այդ իսկ պատճառով, ուրախ էի, երբ հնարավորություն ունեցա մասնակցելու այս միջոցառմանը: Բրիտանական խորհրդի հետ մի քանի տարի շարունակ համագործակցում եմ նման ձևաչափով և միշտ դրական արձագանքներ եմ ստանում»,-ասաց Արսեն Գրիգորյանը: Միջոցառումները կազմակերպվում են Բրիտանական խորհրդի «Շեքսպիրն ապրում է» նախագծի շրջանակում: «Շեքսպիրն ապրում է» նախագիծը համաշխարհային միջոցառումների և իրադարձությունների ծրագիր է` նվիրված աշխարհի ամենահայտնի թատերագրի ստեղծագործություններին: Միացեք մեր միջոցառմանը, լուսանկարվեք և տեղադրեք այն Ֆեյսբուքի ձեր էջում #ShakespeareLives հեշթեգով: Մեկ լուսանկար վիճակահանության արդյունքում կստանա մրցանակ: «Ա1+»-ը կհեռարձակի այս միջոցառումը իր առցանց ուղիղ հեռարձակմամբ: