«Դրանք քառակուսի մետրեր չեն, Արցախի պետական սահմանն է»
Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ակտիվիստ Մարգարիտա Քարամյանն «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին, որտեղ նա նշում էր, թե Արցախում կորցրել ենք 800 հա, որը ոչ ռազմավարական, ոչ էլ մարտական նշանակություն ունի։ «Ինձ համար ոչ միայն զարմանալի, այլև զավեշտալի է, որ պետական այրը, երկրի ղեկավարն այդ տարածքները չի համարում Արցախի սահմանադրությամբ ամրագրված պետական սահման, այլ ուզում է վերածել տարածքների, չգիտես ինչ քառակուսի մետրերի, հեկտարների։ Դա մեր պետական սահմանի հատվածներն են։ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ճեղքվել է մեր պետական սահմանը։ Մենք կորցրել ենք մի բնակավայր՝ Թալիշ գյուղը, երկու բնակավայր հայտնվել է ռմբակոծության տակ՝ Մատաղիսն ու Մարտակերտը»։ Ազատամարտիկի համար անընդունելի, բայց հասկանալի է իշխանությունների պահվածքը և նա չի ուզում տարանջատել ՀՀ և ԼՂՀ իշխանություններին։ Ասում է՝ նույնն են։ «Ինձ համար պարզ է, որ իշխանություններն ուզում են փախչել պատասխանատվությունից։ Եթե նրանք ասեն, որ դրանք ոչ թե տարածքներ են, այլ պետական սահմանն է, որի համար նախագահներն ուղիղ պատասխանատվություն են կրում, դրանից ելնելով պարզ է, թե ինչու են այդպես ասում։ Ընդհանրապես, նշանակություն չունի՝ դա 800 մ է, 8 սմ է, դա մեր պետական սահմանն է։ Մենք պետք է վերականգնենք մեր պետական սահմանը։ Վերջին տարիների ընթացքում մենք տեսնում ենք, որ թե Հայաստանի, թե ԼՂՀ իշխանությունները վարում են ոչ հայանպաստ քաղաքականություն։ Ուրիշ երկրների շահեր են այստեղ սպասարկում, որովհետև զինադադարի կնքման բանավոր պայմանավորվածության հրամանը եկավ Մոսկվայից»։ Ինչ վերաբերում է խնդրին, որ կորցրած տարածքները ետ չբերվեցին, նա զինվորների մեղքը չի համարում. «Մեր տղաներն արդեն դիրքերի մոտ էին, սպասում էին հրամանի, որ դիրքը վերցնեին ու շատ հանգիստ կվերցնեին։ Տեղեկություն կար նույնիսկ, որ այնտեղ արդեն ադրբեջանցիներ չեն եղել։ Ամբողջ գիշեր Ադրբեջանի նախագահը ոռնում էր. դադարեցրեք պատերազմը»,-նշեց Մարգարիտա Քարամյանը։