Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանին ասել են՝ վերցրու, որքան կարող ես»

Քաղաքականություն
Qnnarkum-nkarrrr

«Քառօրյա պատերազմից մենք դուրս եկանք պարտված, քանի որ կորցրինք տարածքներ»,- այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում Արցախում պատերազմից հետո ստեղծված իրավիճակի քաղաքական առանձնահատկությունների թեմայով քննարկմանն ասաց ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը։ Նա զարմանում է, թե ինչու չունեինք համապատասխան զինտեխնիկա՝ հակառակորդին պատշաճ հակահարված տալու համար։ «Մեր Պաշտպանության նախարարությունն, ունենալով այդպիսի շենք, որի մասին առաջատար երկրները երազում են, պարզվում է՝ չուներ միջոցներ մեր զինվորներին ժամանակակից զենքով ապահովելու»։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանն իր հերթին ափսոսանք հայտնեց, որ ունենք կորցրած տարածքներ. «Բանակն ազատում էր այդ դիրքերը. բանակին կանգնեցրել են։ Իսկ հիմա Հայաստանի ղեկավարությունը փորձում է շանտաժի ենթարկել հասարակությանն` ասելով, թե եթե այդ տարածքները ետ վերցնեինք, էլի զոհեր կունենայինք»։ «Համաձայն եմ այն մտքին, որ Ադրբեջանը թույլտվություն է ստացել պատերազմ սկսելու, ընդ որում ասել են՝ վերցրու, որքան կարող ես։ Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևը, գերագնահատելով իր հնարավորությունները, մտավ այս արկածախնդրության մեջ»,-նշեց քաղաքագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը։ Նրա համար անհասկանալի է Սերժ Սարգսյանի այն ձևակերպումը, թե Արցախում կա անվտանգության գոտի. «Արցախի սահմանադրության ընդունումից հետո անվտանգության գոտի եզրույթը պետք է դուրս գար։ Սերժ Սարգսյանը խոսում է անհասկանալի անվտանգության գոտու մասին։ Դա Արցախի պետական սահմանն է»։ Քաղաքագետը դատապարտում է իշխանությունների վարած քաղաքականությունը. «Մարդիկ տարածքները հանձնելու դուռը բացել են։ Վերջին տարիների դիվանագիտական անգործությունը բերեց նրան, որ Հայաստանն ընկալվում է որպես ագրեսոր։ Բայց մենք կարող ենք ունենալ նոր մոտեցումներ։ Ես Արցախի անկախության ճանաչման կողմնակից եմ»,-շեշտեց պարոն Մելիքյանը։