Էդ. Շարմազանովի որդին էլ է ուզում կռվել թուրքերի դեմ (տեսանյութ)
Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ քաղաքացիներն այսօր իրենց հարգանքի տուրքն էին մատուցում անմեղ զոհերի հիշատակին:
«1916 թ-ից մինչեւ 1923 թ-ը այդ ժամանակաշրջանում մոտավորապես 350 հազար հույներ, որոնք բնակվում էին Օսմանյան կայսրության տարածքում վայրագությունների միջոցով սպանվեցին եւ բռնի կերպով տեղահանվեցին Պոնտական եւ հայկական ցեղասպանությունները, որոնք տեղի են ունեցել նույն ժամանակաշրջանում, համարվում են ամենացավալի ցեղասպանություններից մեկը»,- ասաց ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին:
Հայերը եւ հույները նույն ժամանակաշրջանում ցեղասպանության են ենթարկվել Օսմանյան Թուրքիայում:
«Այստեղ պետք է լիներ նաեւ քրդերի ղեկավարը, գար եւ խոնարհվեր, ասեր, կներեք սխալվել ենք, դարձել ենք գործիք թուրքերի ձեռքին: Եթե քրդական գործոնը չլիներ, այդ ցեղասպանությունները թուրքը չէր կարող իրականացնել: Հաստատ օրը գալու է, թե Ղարաբաղի ճանաչման խնդիրն ենք իրականացնելու, որպես Հայաստանի երկրորդ պետություն, թե Կիպրոսի ազատագրումը, որը պետք է վերամիավորել: Կգա այդ օրը, մենք հաղթել ենք, հաղթում ենք ու պիտի հաղթենք»,- ասաց «Հայոց ազգային բանակ» ռազմական ՀԿ նախագահ Արամ Թորգոմյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հուշահամալիրում թշնամուն նաեւ հիշեցրեց, որ մեկ դար անց հայերը եւ հույները կան:
«Այսօր էլ Թալեաթի եւ քեմալի հետնորդները փորձում են ցեղասպան քաղաքականություն իրականացնել նաեւ Արցախի հանրապետությունում, բայց դա նրանց չհաջողվեց եւ չի կարող հաջողվել, որովհետեւ ունենք երկու անկախ պետություն: Ունենք եւ ունեցել ենք երկու զենք, դա խաչը եւ սուրն է: Խաչը եւ սուրը մշտապես պետք է լինեն մեր ձեռքում»,- ավելացրեց ԱԺ փոխնախագահը:
Իսկ Էդուարդ Շարմազանովի 8-ամյա որդին՝ Հովսեփը, որոշել է իր հետագա անելիքը: «Որ մեծանամ ես էլ պիտի կռվեմ, որ թուրքերը չգրավեն»: