Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզ չէ՝ Ադրբեջանը կվերադառնա բանակցությունների, թե՞ ոչ (տեսանյութ)

Քաղաքականություն
dia

Ցանկացած պատերազմից հետո գալիս է դիվանագիտական փոթորիկի ժամանակաշրջանը: Վիեննայում  փորձ արվեց Ադրբեջանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: «Ուրվագծվել  են այն հիմքերը, որոնք կարող են թույլ տալ բանակցային գործընթաց վերադարձնել Ադրբեջանին, բայց դեռևս պարզ չի՝ Ադրբեջանը կվերադառնա, թե՞ չէ: Ամեն  դեպքում այս պահին բոլոր հիմքերը ստեղծված են, մնացածը կախված է Ադրբեջանի քայլերից»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց  քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը: Իսկ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ բոլոր մակարդակներում սա ամրագրվեց որպես հանդիպում: «Այսինքն բանակցությունները  վերսկսելու մասին խոսակցությունները կամ խոսելը՝ վաղ է, անգամ վաղ է բանակցությունների մոտ ապագայում վերսկսման հեռանկարների մասին խոսելը: Սա առավելապես իրավիճակի ճշգրտման և պայմանների որոշակիացման, խաղի կանոնների որոշակիացման շուրջ հանդիպում էր»,-ասաց նա: Հայկական կողմը երեք նախապայման  էր առաջ քաշել՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում, ագրեսիայի բացառման երաշխիքներ և հասցեական հայտարարություններ: Քաղաքագետների կարծիքով՝ հայկական կողմի առաջ քաշած այս նախապայմաններից երկուսի մասով Հայաստանն առայժմ հաջողություններ է գրանցել: «Սրանք առաջին հայացքից  թվում է, թե փոքր խնդիրներ են, բայց իրականում  կարևոր խնդիրներ են կամ ավելի ստույգ կարևոր կդառնան, եթե այդ մեխանիզմները սահմանվեն հավուր պատշաճի: Եթե դրանք անլուրջ  և կոսմետիկ բնույթ կրեն, իհարկե, պետք չէ ոգևորվել այդ երկու  խնդիրներով ընդունված որոշումներից: Բայց , եթե դրանք հաստատվեցին, ապա լուրջ լծակներ են ի հայտ գալիս Ադրբեջանին զսպելու»,-ընդգծում է պարոն Սաֆարյանը: stepa Ադրբեջանը տարիներ շարունակ  դեմ է արտահայտվել այդ մեխանիզմների ներդրմանը, բայց երեկվա հանդիպմանը պաշտոնական Բաքուն գոնե առերևույթ՝ մերժման ճանապարհով չգնաց, ինչը  ըստ  Ստեփան Սաֆարյանի՝ պայմանավորված է մեկ հանգամանքով:Այս համատեքստում  վերջինս շեշտում է. «Ադրբեջանը համաձայնեց այդ մեխանիզմների ներդրմանը միայն մեկ բանի պայմանով, որ իրեն ագրեսոր չանվանակոչեցին: Եկեք  հրաշալի հասկանանք, թե ինչ սակարկություն է տեղի ունեցել՝  Ադրբեջանին խնայեցին, Հայաստանի մեկ պահանջը  չկատարեցին, որը վերաբերում էր հենց Ադրբեջանին պատժելուն, բայց դրա դիմաց  Ադրբեջանը ստիպված եղավ ընդունել այն առաջարկները, որոնք նա նախկինում մերժում էր»: Տիգրան Աբրահամյանն էլ իր հերթին հավելեց. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը  այս հանդիպմամբ որոշակի Time-out  է վերցնում՝ որոշակիորեն վերաիմաստավորելու իր քայլերը  ու որոշելու, թե հետագայում ինչ ճանապարհով է գնալու: Կարծում եմ, որ Ադրբեջանում դեռ վերջնականապես  համոզված չեն, թե որն է իրենց համար ամենակարևոր ճանապարհը»: «Այդ մեխանիզմների ներդրումով, բնականաբար, խնդիրը 100 %-ով չի լուծվում»,-նկատում են քաղաքագետները՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այդ հանդիպումը ստեղծեց հնարավորություն առաջիկայում լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման ռիսկերը նվազեցնելու համար: diana «Բայց սա այնպիսի հնարավորություն չէ, որը  վերջնականապես կփակի այս կոնֆլիկտը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորությունը»,-նշեց Տիգրան Աբրահամյանը: «1994-1995թթ-ի  հրադադարի ռեժիմի հիշատակումը  վերին աստիճանի էական հանգամանք է այն առումով, որ ի հեճուկս Ադրբեջանի՝  Ղարաբաղը որես այդ հրադադարի ռեժիմի մի մաս, փաստացի դառնում է նաև մշտադիտարկման և հետքննության մեխանիզմների պարզման սուբյեկտ: Այս ամենն, անշուշտ, չի կարող չազդել բանակցային ֆորմատի վրա»,-կարծում է Ստեփան Սաֆարյանը: Վերջինս մի հանգամանք էլ է առանձնացնում: Ըստ նրա՝  այս փուլում արդեն Հայաստանը պետք է լինի չափազանց աչալուրջ, քանզի ռուսական կողմի հրահրմամբ՝ Ադրբեջանն ամեն կերպ կփորձի   չեղարկել  հետքաննության այդ մեխանիզմները: