ՀՅԴ. «Ադրբեջանի կորցրած 20 տոկոսը գուցե դառնա 40» (տեսանյութ)
Ալիեւ-Սարգսյան հանդիպումն ընդամենը բանակցություններ են բանակցությունները վերսկսելու մասին. ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը. « Ի՞նչ իմաստ ունի՝ եթե որեւէ խնդիր չի լուծվելու եւ որեւէ ընդհանուր հայտարար չի լինելու, նստենք ժամավաճառությամբ զբաղվենք եւ նստենք բանակցություններ վարենք»: Ալիեւը պարզապես պետք է հարգի իր հոր օրոք ստորագրված փաստաթղթերը եւ սահմանին չկրակի, այլապես ինչի՞ շուրջ ենք բանակցում, երբ կրակում են,-հարցնում է Վահրամ Բաղդասարյանը. «Նախորդ մեկ անգամ հանդիպումից առաջ հանրապետության նախագահն ասաց՝ ես իմաստը չեմ տեսնում, բայց որպեսզի միջազգային կառույցներին մենք մերժած չլինենք, մենք գնում ենք հանդիպման»: Ալիեւը պետք է նստի բանակցությունների սեղանին,-ասում է Հանրապետական խմբակցության ղեկավարը: Սակայն նա հանրության ուշադրությունը շեղում է բանակցություններից եւ տանում պատերազմի միայն մի պատճառով. «Դա մենակ Ալիեւի ընտանիքին է ձեռք տալիս, ոչ ադրբեջանական ժողովրդին է ձեռք տալիս, բնականաբար մեր համայն հայությանն ընդհանրապես ձեռք չի տալիս պատերազմը»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին պատերազմի հեռանկարն ընդհանրապես չի վախեցնում. «Կարող է նոր իրավիճակ առաջանա, երբ որ ինքը խոսի արդեն ոչ թե 20 տոկոսի մասին, այլ 40 տոկոսի մասին»: Ալիեւը պետք է խոստովանի, որ իրեն խաղաղ բանակցություններ պետք չեն: Հայաստանն ասում է՝ եկեք բանակցություններով պարզենք փոխզիջումները, Ադրբեջանն ասում է՝ չէ, ես կկրակեմ, մինչեւ կկողմնորոշվեք ինչն եք զիջում. «Ինքն ասում է՝ ես խաղաղ բանակցություններին համաձայն եմ, եթե իմ ասածներն անեք»: Միջազգային հանրությունն, ըստ դաշնակցական պատգամավորի, պետք է հասկանա, որ Ադրբեջանն անբանակցելի կողմ է. «Նրա միակ ճանապարհը պատերազմի միջոցով էդ հարցը լուծելն է, մեզ էլ մնում է էդ պատերազմը հաղթել, ինչպես եղել է մինչեւ հիմա»: Ալիեւ-Սարգսյան ավստրիական հանդիպումից Լեւոն Զուրաբյանը համենայնդեպս պատերազմի վերսկսման հնարավորություն չի տեսնում. «Ապրիլի 2-ից սկսած մեր քայլերն ուղղված են հենց նրան, որ եւ ռազմաճակատում մեր բանակը, մեր պետական իշխանությունն ուժեղ լինի, եւ միջազգային հանրության հետ իր կոնտակտներում»): Ի դեպ, պատգամավորը չի մեկնաբանի եւ չի քննարկի Սերժ Սարգսյանի այն միտքը, որ Բլումբերգին ասել էր: Ըստ որի, ինքը չի կարող բանակցել Ալիեւի հետ այն ժամանակ, երբ սահմանին զինվորներ են զոհվում, մինչդեռ զինվորները զոհվում են, իսկ ինքը բանակցում է։