Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանի 94 զոհը հանգիստ կարող ենք բազմապատկել 3-ով» (տեսանյութ)

Քաղաքականություն
adrbejan

«Ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմի՝ ինքնությունը պարզված զոհերի թիվն այս պահի դրությամբ հասնում է 94-ի, իսկ վիրավորներինը՝ 43-ի»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ նշելով, որ սրանք ոչ պաշտոնական թվերն են, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր ժողովրդից իրական պատկերը: «Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել է ապրիլի 2-5-ը սպանված ընդամենը 31զոհի մասին՝ առանց նույնիսկ հրապարակելու նրանց անունները: Նրանք անգամ ապրիլյան մարտերից հետո ազգային հերոսի կոչում շնորհած զինծառայողների անունները պաշտոնապես չեն հրապարակել, ինչը նույնպես կասկածների տեղիք է տալիս: Ենթադրում եմ, որ այդ ցուցակում կան բազմաթիվ անուններ»,-ասաց նա: Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ իրենք արդեն երեք տարուց ավել է՝ գրանցում են Ադրբեջանի ԶՈՒ կորուստները. «Մեր հաշվարկով հայտնի 94 անունը հանգիստ կարող ենք բազմապատկել 3-ով, այսինքն՝ մոտ 300 զոհ ենթադրում ենք, որ Ադրբեջանն ունի»,-հայտարարեց Վրթանեսյանը: Հարցին, թե ինչպես է հնարավոր այդքան զոհ թաքցնել, Կարեն Վրթանեսյանը նշեց, որ իրենք դա էլ են ուսումնասիրել. «Ադրբեջանի գյուղական շրջաններում շատ քիչ մարդու ձայն է լսելի, օրինակ՝ 3000 բնակիչ ունեցող գյուղից մենք ընդամենը 2-3 հոգի գտանք սոցցանցերում: Ազգային փոքրամասնություններ կան այնտեղ, որոնց երեխաները նույնիսկ ադրբեջաներեն չգիտեն, լրիվ կտրված են քաղաքակրթությունից: Բացի այդ, սպանվածների մեջ շատ են հատուկ ջոկատայինները, որոնց ընտանիքներն էլ հատուկ պատրաստություն անցած են, իրենց ասում են՝ մի խոսեք, չեն խոսում»: