Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե որևէ պաշտոնյա Միհրան Պողոսյանի մասին վերջնական բան կասի, չհավատաք» (տեսանյութ)

Քաղաքականություն
Arpine-nkar

Այսօր Երևանում ընթանում է ընտրական վեճերի կարգավորման շուրջ քննարկում՝ կազմակերպված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Արդարադատության նախարարության կողմից։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Լուրջ փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում. շատ հստակեցված է, թե որ դեպքում ինչպես պետք է բողոքարկել։ Եվ երբ համակարգված բնույթ դա չի կրում, երկու կողմից էլ կարող են չարաշահել այդ իրավունքը. և դիմում ներկայացնողների, և քննողների»։ Դիտարկմանը, թե ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար կառավարությանը գումար չի տրամադրվի, քանի դեռ շոշափելի արդյունքներ չկան, նախարարն արձագանքեց. «Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության պարտականությունն է։ Ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանել դա, բայց ուզում եմ ասել, որ Եվրամիությունը մեզ աջակցում է այդ հարցում։ Կարծում եմ՝ պարոն դեսպանը նախևառաջ ինքը պիտի մեկնաբանի՝ շոշափելի արդյունքներ կան, թե ոչ։ Ես ցանկություն չունեմ որևէ մեկին մեկնաբանելու, առավել ևս՝ դեսպանին։ Մեր քայլերի հաջորդականությունը մենք իրագործելու ենք։ Այնպես չի, որ մենք պայմանավորել ենք այդ քայլերի իրականացումը կամ դրանց արդյունավետությունը Եվրամիության աջակցությամբ։ Այդ աջակցությունը մեզ համար կարևոր է, բայց դրա պատճառով չէ, որ մենք հայտարարել ենք այդ պայքարի մասին»։ Հարցին, թե վերջին 20 և ավելի տարիների ընթացքում կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, ի՞նչ արդյունքներ կան, տիկին Հովհաննիսյանն ասաց. «Ինձ դժվար կլինի 20 տարվա կտրվածքով գնահատական տալ այդ հարցին։ Որևէ երկրում կոռուպցիայի դեմ պայքարն ակնթարթային արդյունքներ չի արձանագրել»։ Դիտարկմանը, թե Վրաստանում դա արվեց շատ արագ, նախարարը նշեց. «Ես չէի ասի, որ արագ եղավ»։ Պնդմանը, թե նախագահ Սահակաշվիլին ձեռքը խփեց և դա եղավ, նա միայն ժպտաց՝ ոչինչ չպատասխանելով։ Իսկ թե կոնկրետ ի՞նչ քայլեր են իրականացվել, նա ասաց. «Օրինակ, պետռեգիստրում գրանցման հետ կապված կամ ոստիկանությունում, երբ տարիներ շարունակ կոռուպցիայի մասին էր բարձրաձայնվում, որ գումարներ են վերցնում»։ Դիտարկմանը, թե հիմա էլ են վերցնում, նախարարն ասաց. «Ոչ»։ Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարի նախկին ենթակայի՝ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի անվան շուրջ սկանդալին, երբ հայտնի դարձավ, որ նրա անունն առկա է պանամական փաստաթղթերում, տիկին Հովհաննիսյանը նշեց. «Նախ ուզում եմ ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարում իրականում քայլեր ձեռնարկվում են։ Գուցե դուք կարող եք խոսել տեմպերի դանդաղ լինելու մասին, կամ չբավարարեն արդյունքները, բայց որ քայլեր կատարվում են, դա ակնհայտ է։ Իսկ այդ հարցի հետ կապված ասեմ, որ ընդամենն օրեր առաջ է գործն ուղարկվել իրավապահ մարմիններին և այս պահին ընթանում է նախաքննություն։ Մեղմ ասած, քիչ ժամանակ է անցել՝ վերջնական գնահատականներ տալու համար։ Սկսվել է քննություն, որպեսզի հասկացվի՝ արդյոք օրինական է եղել ձեռքբերումը, թե ոչ, պահելը, ընթացքը և այլն։ Եթե Արդարադատության նախարարը կամ որևէ այլ պաշտոնյա կկանգնի ու վերջնական տոնով ինչ-որ բան կասի, չհավատաք։ Որևէ ոլորտում դժվար է ասել, որ չկան մարդիկ, ովքեր շեղվելու ցանկություն, հակում չունեն։ Այլ հարց է՝ ինչպես արձագանքել այդ մարդկանց։ Իսկ դա կարծում եմ՝ դուք տեսնում եք և տեսնելու եք»։