«Չեք կարող վրա տալ, պապաներիդ բռնել կտան». ինչպես հարստացավ Վ. Այվազյանը
ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, հայտարարեց. «Ցանկացած հայտարարություն իրականցվում է քայլերով, հակառակ դեպքում ժամանակ առ ժամանակ ստիպված կլինեն համապատասխան գնահատականներ: Մենաշնորհների հետ կապված երկար պետք է աշխատել, ինչպես նշեց վարչապետը, ու ընդգծեց այս պահի լրջությունը: Ունենք լրջագույն մարտահրավեր՝ չունենալով տնտեսական հաջողություններ, վերելք, կարող ենք լուրջ խնդիրներ ունենանք պետական արժեքների հետ: Աշխատատեղեր ստեղծելու համար կառավարությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում, իսկ գործարարն առաջարկում աշխատատեղ»: Նա հայտարարեց, որ ինքը չի վախենում, որ ստուգումներն սկսեն հենց իրենից. «Օրինակ՝ ե՞ս էլ պետք է վախենամ, որ քվեարկելիս ինչ-որ մեկի խաթրին հանկարծ չկպնեմ: Եթե ինչ-որ մեկը վախենալու է, ուրեմն նա պետք է թողնի այդ գործը: Ես դեմ չեմ եղել ստուգման, որ վերահսկողության մեխանիզմներ լինեն ու սկսեն ինձնից: Կախելու գործ լինի մեր երկրում, բոլորին կկախեն՝ միայն կոլոտ մարդ լինի, թեեւ բոյովներին առաջինը կկախեն: Չեք կարող վրա տալ, պապաներիդ բռնել կտան»: Պարոն Այվազյանը նաեւ վստահեցրեց՝ ինքը դղյակներ չունի, մեծ հարստություն էլ չունի ու այդ մասին է վկայում նաեւ ամերիկյան դատարանում շահած իր գործը. «Պետք չէ անցնել վհուկների որսի: Իմ կինը հարուստ չէ, ես չգիտեմ՝ ում կնոջ մասին եք խոսում: Ես դրսից եմ փող բերել ու հարստացել, այլ ոչ թե ներսից գողացել: Գտի մեկին, որ դրսից երկու կոպեկ փարա է բերում ու հարստանում»: Մյուս բանախոսը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն իր կողմից նկատեց, որ մենք միշտ ենք մարտահրավերների առաջ. «Հիմա եկել է ժամանակը՝ պատասխանատվություն կրելու: Իշխանության ներսում կատարվում է հետեւյալ գործընթացը՝ կոռուպցիան դարձնել անդեմ, մինչդեռ աշխարհում հաջողությունը միշտ անվանական է լինում: Երբ հարցը գնում բանակին, զինվորին թալանելու մասին, պետք է լինեն քրեական պատժամիջոցներ, իսկ աշխատանքից ազատումն ընդամենը ադմինիստրատիվ տույժ է»: Անդրադառնալով վարչապետի գլխավորած հակակոռուպցիոն հանձնաժողովին՝ տիկին Սեդրակյանն ասաց. «Ես շշմել էի, երբ կարդացի Մաքիեավելիի խոսքը, որը կիրառում էր նաեւ Լենինը՝ նախաձեռնությունը խեղդելու համար պետք է այն ղեկավարել: Հիմա արդյունքում մենք ստանում ենք կախարդական շրջանակ: Կոռուպցիայի դեմ պայքարի համար պետք է նախ՝ հրապարակել մենաշնորհների տերերին, կոռուպցիոն գործընթացում ներառված մարդկանց անունները: Կոռուպցիան պետական հաշվետվողականության մեխանիզմն է, որ վերեւից ներքեւ է գնում. կոռուպցիան մի սպա, մի զինվորական բռնելը չէ»: