Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իվետա Մուկուչյանը շատ էլ լավ է արել». Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
sharm-1

«Հիմա հարաբերական հանգիստ է: Ճիշտ է, մենք երեկ զոհ ենք ունեցել, ինչի համար ես իմ ցավակցությունն եմ հայտնում, բայց եթե ապրիլյան լայնամասշտաբ գործողությունների հետ համեմատենք, բնականաբար, այդ չափ չէ: Գիտենք արդեն, որ նաև համանախագահների հայտարարություն կա և ցանկություն ունեն նախաձեռնելու նախագահների հանդիպում Վիեննայում: Հայաստանի նախագահի դիրքորոշումը այդ հանդիպման վերաբերյալ կհրապարակվի՝ օրենքով սահմանված ժամկետներում՝ նախագահի աշխատակազմի կողմից, իսկ ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, ապա պետք է նշեմ, որ համանախագահների հայտարարության բառապաշարը համահունչ էր նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլյան թեզիսներին՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ և ԱԺ փոխնախագահ Էդուարդ  Շարմազանովը՝ պատասխանելով «Ա1+»-ի  հարցին, թե նիստի ընթացքում քննարկվել է արդյոք սահմանին տիրող իրավիճակը: ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության այսօրվա նիստում հնչեցրած հայտարարությանը՝ ասելով, որ այս հայտարարությունը տեղավորվում է Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ին արած ծրագրային ելույթի համատեքստում, քանի որ այդ ելույթում Սերժ Սարգսյանը  նշել է այն առաջնահերթությունները, որոնցով պետք է շարժվի պետական ապարատը, պետական պաշտոնյաները: «Միշտ չէ, որ արդյունքները միանգամից են երևում: Երբ որ ցորենը ցանում ես, այն միանգամից պտուղ չի տալիս: Ժամանակ է պետք: Հիմա այդ սերմը ցանվել է, բոլորս պետք է փայփայենք, որ այն պտուղներ տա և անհրաժեշտ է, որպեսզի տարբեր մոլախոտեր այդ սերմը չուտեն»,-նշեց Էդուարդ Շարմազանովը: Մինչդեռ հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը այսօրվա իր ելույթում նաև շեշտել էր, որ ապրիլյան քառօրյա պատերազմը նաև ստիպեց, որ այդ խնդիրները մեկ անգամ ևս վեր հանվեն և դրանց դեմ պայքար մղվի: «Ա1+»-ի հաջորդ հարցին, որ եթե չլիներ ապրիլյան պատերազմը, ապա ի՞նչ է՝  չպետք է հիշեինք, որ կուռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարել է պետք, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց այսպես. «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց մեր և դրական և բացասական կողմերը: Դա ոչ սովորական իրավիճակ էր: Բնականաբար, ապրիլյան քառօրյա պատերազմն ավելի ցայտուն դարձրեց և մեր առավելությունները և մեր թերությունները: Շատ դրական է, որ մեր կառավարությունը պատրաստակամ է տեսնել այդ թերությունները և պատրաստակամ է լուծել դրանք, այսինքն կառավարությունն ինքն է բարձրաձայնում, որ իրավիճակը որը կա՝ մեզ չի բավարարում, պետք է ձգտենք ավելիին: Բավարար չէ կամ անելիք ունենք, դա դեռ չի նշանակում, որ ոչինչ չի արվել»,-շեշտեց Շարմազանովը: «Ա1+»-ի դիտարկմանը, թե  պատերազմ չլինելու դեպքում  չպե՞տք է պայքարել այդ արատավոր երևույթների դեմ, ի պատասխան Շարմազանովն ասաց. «Պատերազմով պայմանավորված չի եղել մեր գործողությունները, պատերազմն արագացրել է բարեփոխումների ընթացքը, պատերազմն ավելի ցայտուն է դարձրել պրոբլեմները, որոնք որ կան և օպերատիվ լուծումների անհրաժեշտությունը, իսկ մինչև պատերազմը նախագահի փետրվարյան օրակարգում այդ հարցը կար»: Էդուարդ Շարմազանովից «Ա1+»-ը  հետաքրքրվեց  նաև, թե ինչպես է նա գնահատում «Եվրատեսիլ -2016» միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի այն քայլը, որ նա ծածանեց Ղարաբաղի դրոշը: «Եվրատեսիլի գործով Աշոտյանն է»,-կատակեց Շարմազանովը և հավելեց. «Շատ լավ եմ գնահատում, շատ էլ ճիշտ արեց, որ բարձրացրեց մեր դրոշը: Մեր մասնակցի գործն է՝ Արցախի դրոշը բարձրացնի, թե Մեծ Հայքի ու Տիգրան Մեծի ժամանակվա Հայաստանի դրոշը: Մեր մասնակցի իրավունքն է ում դրոշը և ինչպես ծածանել: Մենք պետք է քաջալերենք նրան: Երեկ Արցախի դրոշն է ծածանել, վաղն էլ կարող է  Մեծ Հայքի  ու Արևմտյան Հայաստանինը ծածանի»: