«Սերժ Սարգսյանը թող իրենից սկսի փոփոխությունները». Զ. Փոստանջյան
«Փոփոխությունները պետք է սկսել Բաղրամյան 26-ից». կարծում է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ «Ա1+»-ի խնդրանքով անդրադառնալով այսօր կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը: «Այնքան են եղել նման հայտարարություններ, բայց կյանքի չեն կոչվել, ուստի հիմա ես չեմ կարող հավատալ: Բաղրամյան 26-ի աշխատակազմից թող սկսեն, Սերժ Սարգսյանը թող իրենից սկսի, նոր կտեսնենք՝ այդ հայտարարությունները համապատասխանու՞մ են իրականությանը, թե՞ ոչ»: Մեր հարցին, թե եթե իշխանությունները որոշ ժամանակ անց չիրականացնեն իրենց իսկ մատնանշած ոլորտներում փոփոխությունները, ապա ի՞նչ քայլերի կդիմի նա, պատգամավորը պատասխանեց. «Մեր քայլերն ու առաջարկները իրենցով պայմանավորված չեն: Այնպես չէ, որ սպասում էինք՝ այսպիսի հայտարարություն աներ, մենք էլ հավատայինք ու սպասեինք փոփոխություններին»: