Կողմերին հորդորում ենք նստել բանակցային սեղանի շուրջ. ԱՄՆ դեսպան
Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը հյուրընկալեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ․Միլսին և դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանին։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին ՀՀ ներքին և արտաքին քաղաքական հարցեր, մասնավորապես անդրադարձ եղավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և ապրիլյան պատերազմից հետո ստեղծված քաղաքական իրավիճակին, ՀՀ Ընտրական օրեսգրքի նախագծին և դրա շուրջ ընթացող բանավեճերին։ Դեսպան Միլսը հույս հայտնեց, որ ներկայումս բանավեճերի փուլում գտնվող Հայաստանի ընտրական բարեփոխումների վերջնական տարբերակում կներառվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ բոլոր հիմնական առաջարկները։ «Հուսով ենք, որ այն կարտացոլի Հայաստանի քաղաքական տիրույթում ու քաղաքացիական հասարակության շրջանում տիրող կարծիքների ու դիրքորոշումների լայն կոնսենսուս: Վստահելի ընտրական գործընթացի հասնելու համար քաղաքացիական հասարակությունը պարտավոր է բարեխղճորեն աշխատել իշխանության ու ընդդիմության հետ: Վստահելի ընտրական գործընթացն էական է ժողովրդավարության համար ու նաև թափ կհաղորդի Հայաստանի տնտեսությանը՝ օգնելով ավելացնել միջազգային ներդրողների ներգրավումը»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը: Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ խոսեց ԸՕ նախագծի առնչությամբ կուսակցության ներկայացրած առաջարկների մասին՝ կարևորելով դրանց ընդգրկումը նախագծի վերջնական տարբերակում։ Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հավաստիացրեց, որ դեսպանությունը շարունակում է ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղի դեպքերին և կողմերին հորդորում է վերստին հետամուտ լինել տևական հրադադարի ապահովմանն ու լուրջ բանակցություններ վարել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։ «Մենք կողմերին հորդորում ենք նստել բանակցային սեղանի շուրջ»,- հավելեց դեսպան Միլսը: Խաչատուր Քոքոբելյանը կարևորեց ԼՂ խնդրի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը․«Ժամ առաջ պետք է վերսկսվեն բանակցությունները։ Ավելին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում արդյունավետ լուծումների հասնելու համար կարևորում ենք ԼՂՀ վերադարձը բանակցային սեղան»։ Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն 11 մայիսի, 2016թ․ ք․ Երևան