Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը մեկնաբանել է Ռ. Մարտիրոսյանի «քոսոտ երկիր» արտահայտությունը

Քաղաքականություն
KG-naxarar-nkar

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի վերջին ելույթի մասին, որում նա նշել էր, թե ամեն քոսոտ երկիր չի կարող զենք արտադրել, նշեց. «Խորենացիով ասեմ. մենք փոքր, բայց հպարտ երկիր ենք, և մեր երկրում միշտ կատարվել և կատարվում են բաներ, որոնք մեզ իրավունք են տալիս քաղաքակրթության մեջ վստահաբար մեր տեղն ունենալ։ Բայց մի քիչ խնդիրն այլ է։ Ըստ երևույթին, պարոն Մարտիրոսյանը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ ներկա մրցակցության պայմաններում աշխարհում զենք արտադրող երկրները գերտերություններն են։ Եվ շատ դժվար է փոքր երկրների համար զենքի ամբողջական ցիկլ ունենալ»։ «Բայց նա մեզ հենց որպես քոսոտ է բնորոշել»,- «Ա1+»-ի պնդմանն ի պատասխան նախարարն ասաց. «Երբեք։ Մենք ուժեղ և մեծ հեռանկար ունեցող երկիր ենք»։ Մեկ այլ հարցի, թե գրականագետներն առաջարկում են թոշակի ուղարկել Ռադիկ Մարտիրոսյանին, ի՞նչ է մտածում ԿԳ նախարարն այս մասին, նա նշեց. «ԳԱԱ-ն ինքնուրույն մարմին է, և իրենք այդ խնդիրները կարգավորում են։ Ես կարծում եմ, որ մեր բազմավաստակ գիտնականներին երբեմն թույլատրելի է նաև վրիպում կատարելը՝ մարդու կենսագրությունը հաշվի առնելով»։ Խոսելով ուսանողների համար տարկետման իրավունքի հնարավոր վերացման հարցից, պարոն Մկրտչյանը նշեց. «Բնական գիտությունների մեջ կան ուղղություններ, որ գիտնականն անընդհատ պետք է զբաղվի գիտությամբ, որպեսզի հետ չմնա։ Բայց դա լուծվող խնդիր է։ Կարելի է այնպիսի ձևաչափ գտնել, որ ասպիրանտները շարունակեն իրենց գիտելիքները զարգացնել։ Որոշ դեպքերում կլինեն բացառություններ»։