«Պետք է վերադառնալ հրադադարի մասին հին պայմանագրին» (տեսանյութ)
«Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի եւ Մինսկի խմբի համանախագահների հետ շատ ճիշտ քաղաքականություն է: Մեր դիրքորոշման կոշտացումը ճիշտ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Նա գտնում է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման համար նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտություն չկա։ «1994 եւ 1995 թվականի համաձայնությունները կնքվել են այն պահին, երբ Ադրբեջանը մեծ դժվարությունների մեջ էր: Ինչու՞ պետք է նոր փաստաթուղթ ստորագրվի»,- ասաց նա: Պարոն Սադոյանին անհանգստացնում է եւս մեկ հարց, թե ինչու ղարաբաղյան կողմը բանակցություններին չի մասնակցում. «Հայկական կողմից առաջին հերթին այդ հարցը պետք է դրվի: Քանի դեռ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը հիմնական օրակարգում նշված չէ, ի՞նչ իմաստ ունի բանակցություններ վարել: Մենք պետք է դնենք նաեւ այն հարցը, որ որեւիցե երկրի կողմից հակամարտող կողմերին զենքի տրամադրումը, վաճառքը պատերազմի հրահրում է»,-նշեց նա: Սադոյանի կարծիքով՝ եթե Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ուրեմն շահագրգռված չէ խնդրի կարգավորմամբ. «Եթե ասում ես՝ խաղաղվեք, ինչու՞ ես զենք վաճառում: Եվ այստեղից ակնհայտորեն երեւում է, որ Մինսկի խմբի գոնե մի կողմը բոլորովին շահագրգռված չէ, որ խաղաղ բանակցություններ լինեն, որովհետեւ իրեն ձեռք է տալիս՝ ինչքան լարվածություն լինի Հարավային Կովկասում, այնքան իր իշխանության հնարավորությունները շատ են: Զենքի վաճառքից՝ 5 միլիարդից, անձամբ Պուտինը գրպանում է 2 միլիարդը: 2 միլիարդ գրպանող մարդը շահագրգռված չէ, որ խաղաղ բանակցություններ լինեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարցերը կարգավորվեն»: Ասուլիսին ներկա՝ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նույնպես այն կարծիքին է, որ հրադադարի նոր պայմանագիր չարժե կնքել. «Հրադադարի պահպանման երաշխիքը գրավոր պայմանագիրն է, որը գործում է 1994 թվականից, իսկ հիմա այն, ինչ կա, բանավոր պայմանավորվածություն է: Պետք է վերադառնալ հին փաստաթղթին եւ միայն դրանից հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-նշեց նա: