«Ի՞նչ ենք անելու Արցախի ճանաչման հետ, եթե պատերազմը չվերսկսվի» (տեսանյութ)
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար չեմ կարծում, որ որեւէ նոր փաստաթղթի ստորագրման պետք է գնանք, դա ձեռնտու կլիներ Ադրբեջանին, բայց ոչ հայկական երկու պետություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը: «Մենք պետք է պնդենք, որ հրադադարի պահպանման երաշխիքներ տրվեն: Վաղ թե ուշ պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ, սրան այլընտրանք չկա: Ուրիշ բան, որ այս պահին անարդյունավետ, անպտուղ բանակցությունները գուցե տեղին չեն»,-նշեց նա: Լեւոն Մարտիրոսյանն անդրադարձավ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի՝ հողեր հանձնելու մասին սկանդալային հայտարարությանը՝ նշելով, որ դույզն -ինչ չի կասկածում նրա հայրենասիրությանը: Նա նաեւ չի կարծում, թե հասարակությունն այս առումով ընդվզել է. «Սոցիալական ցանցերում 20-50 հոգի արձագանքեցին, դա ծիծաղելի է, բուռն արձագանքը չի կարող 1-3 օր տեւել»: Հարցին, թե ինչպես է գնահատում այս օրերին սահման ուղարկվող օգնությանը, մասնավորապես՝ երգիչ Արմենչիկի քայլը, պատգամավորը պատասխանեց. «Ինձ էլ դուր չեկան այդ կադրերը, չասեմ՝ տգեղ էր, բայց անհասկանալի էր՝ ինչ ենք ուզում ասել դրանով, բայց մենք չենք էլ կարող արգելել դա»: Հանդիպման մյուս բանախոս՝ Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, խոսելով Արցախի ճանաչման մասին, նշեց. «Միջազգային աղբյուրներում արդեն տարածվել է ինֆորմացիան, որ մենք ճանաչելու ենք Արցախի անկախությունը, բայց ես կարծում եմ, որ պետք չէ կտրուկ քայլերի գնալ՝ առանց դրանք պատրաստ լինելու իրականացնել: Իսկ ի՞նչ, եթե Ադրբեջանը ինչ-ինչ ճնշումների ներքո պատերազմական գործողություններ չվերսկսի»: Ավելին՝ տեսանյութով