«Խոշորների համար այդ տուգանքները արեւածաղիկ չրթելու փող են» (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում քննարկում է «Հարկերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը, որի հիմնական զեկուցողն է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նա նշեց, որ ներկայացված նախագծերի փաթեթը պայմանավորված է ԵՏՄ անդամակցության շրջանակներում երկրների ստանձնած պարտավորություններով և համապատասխան փոփոխություններով. «Հիմնական անկյունքարային մոտեցումներից մեկն այն է, որ ապաքրեականացվի մաքսանենգության վերաբերյալ հոդվածը: Սա նշանակում է, որ օրենսդրական փաթեթի ընդունումից հետո ապրանքների ներմուծումը, որն ինչ-ինչ պատճառներով կատարվել է մաքսային կանոնների խախտմամբ, չի հայտարարագրվել, թերի է հայտարարագրվել և այլն, միանգամից տնտեսվարող սուբյեկտները չենթարկվեն քրեական պատասխանատվության»: Նախագծով քրեական պատժից տնտեսվարող սուբյեկտները կազատվեն այն դեպքում, եթե կանոնների խախտման արդյունքում պետության հասցված վնասը փոխհատուցեն: Ըստ Վախթանգ Միրումյանի՝ այդ դեպքում գործը կավարտվի վարչական վարույթի շրջանակներում. «Եթե պետության հասցված վնասը չփոխհատուցեն, ապա կկիրառվի Քրեական օրենսգրքի 205 հոդվածը, որը վերաբերում է հարկերից չարամտորեն խուսափելուն: Անպայման ցանկանում եմ նշել, որ ասածս չի վերաբերում այնպիսի ապրանքների ներմուծմանն, ինչպիսին են, օրինակ՝ թմրանյութերը, հոգեմետ ազդեցություն ունեցող դեղամիջոցները, ռադիոակտիվ նյութերը, զինամթերքն, ինչպես նաև կանխիկ դրամական միջոցների ներմուծման համար սահմանված առավելագույն չափը գերազանցող ներմուծումը»: Նա նաեւ տեղեկացրեց՝ ապաքրեականացվում է նաև արգելանքի տակ գտնվող գույքի օգտագործումը, եթե դա չի կատարվել խոշոր չափերով: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, հարց ուղղելով նրան, հայտարարեց. «Մտավախություն չունե՞ք, որ խոշոր տնտեսվարողներին այսպիսով հնարավորություն ենք տալիս, որ տուգանքներով ազատվի ու շարունակի իր հակապետական գործունեությունը. «Իհարկե, ողջունելի է, որ մի հեռախոս ներկրողը պատասխանատվությունից կազատվի՝ մաքսային սխալ ձեւակերպումների պատճառով: Նրանց համար այդ տուգանքները օրվա արեւածաղիկ չրթելու փողն են: Մենք բոլորս էլ անուն առ անուն գիտենք, թե ովքեր են այդ օլիգարխները, որոնք նստում են նաեւ ԱԺ-ում: Եթե գլխից չենք բռնել նրանց, ապա ինչպես շաքար ներմուծելու դեպքում մաքսային ձեւակերպումը լինում է, ասենք, շաքարի փոշի»: Նա նաեւ ընդգծեց՝ չարամտորեն խուսափողներին բոլորս էլ գիտենք. «Ու երբ ՏՄՊՊՀ-ն ինչ-որ բացահայտումներ է անում, այդ բոլոր խոշոր տնտեսվարողները ինքնագոհ ժպիտներով նիստից դուրս են գալիս, քանի որ իրենց համար խիստ սիմվոլիկ տուգանքով են ազատվել, եւ շատ գոհ ու երջանիկ շարունակում են իրենց գործունեությունը: Այդ ռիսկերը պետք է հաշվարկել, ու խոշորներին չպետք է թույլ տալ ազատ լողալ»: