Ինչպե՞ս անել, որ գործ տվողի տպավորություն չստեղծվի (տեսանյութ)
Կառավարության հրավիրած արտահերթ նիստին այսօր ԱԺ-ն սկսեց քննարկել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի նպատակն է բարձրացնել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանվածության մակարդակը: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, հարց ուղղելով էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին՝ նկատեց. «Լավ չի, որ ամեն անգամ ասում ենք՝արժեթղթերի շուկա չունենք: Մի օր պիտի զարթնենք ու ասենք, որ ունենք: Կորպորատիվ կառավարում, որ ասում ենք, պարզ ասենք, որ հայերը հարյուրներով իրար հետ լավ բիզնես չեն կարողանում անել, իրար չեն վստահում, կառավարիչներին չեն վստահում, դրա համար էլ ներդրումներ չեն անում: Մեր իրականության մեջ խոսքը ոչ թե մենաշնորհի, այլ մենատիրական բիզնեսի մասին է, մենակ մարդը կվախենա մենակով բիզնես անել»: Նա նկատեց, որ փոքր բաժնետերերի իրավունքների ընդլայնման միջոցով մինչեւ տասը տոկոսի բաժնետերը կարող է աուդիտ անել կամ տնօրենների խորհուրդ ունենալ: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը գովաբանեց նրան՝ ասելով. «Դուք նկատեցիք նրբությունը, քանի որ երկար տարիներ եղել եք այդ ոլորտում ու տեղյակ եք խնդրից»: Միքայել Մելքումյանն իր հերթին ավելացրեց, որ մեկ տարվա ընթացքում բանկերում ավանդների ներդրումն աճել է 18 տոկոսով եւ կազմել մեկ տրիլիոն 40 մլրդ դրամ. «Լավ կլինի, եթե այդ ավանդները հոսեն արժեթղթերի շուկա ու փակենք այդ թեման, որ չունենք բաժնեթղթերի շուկա: Այսինքն, ավանդներից դեպի ներդրումներ»: Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ պատգամավորի պատրաստակամությանը զարկ կտա. «Բանկային համակարգից կապիտալի շուկա պիտի տեղափոխենք ավանդները, ու այդ թեմայով ԿԲ հետ ակտիվ աշխատանքի մեջ են: Արդեն իր ելույթում Միքայել Մելքումյանը սահուն անցավ տնտեսական այլ թեմաների. «Տնտեսության մեջ պետք է վերացնենք ստվերը: Եկեք պայմանավորվենք, որ այլեւս ստվեր չենք ունենալու, թեկուզ մի քանի ընկերություն էլ թող փակվի: Այս օրերի ազգային համախմբվածությունը, որ կա, օրինակ՝ զենք ձեռքբերելու շուրջ, դա լինի նաեւ տնտեսության ստվերի դեմ: Օրինակ՝ երբ դրոշմապիտակները մտան շրջանառության մեջ, պետական բյուջե մուտքերն ավելացան»: Արծվիկ Մինասյանն արձագանքեց՝ ասելով. «Ամեն մեկս մեր տեղում պետք է այնպես անենք, որ չլինի ստվեր: Ամեն մեկն իրենից պետք է սկսի, ու այս դահլիճում գտնվող բոլոր պաշտոնյաներն ու բիզնես ունեցողները: Այդ դեպքում ամեն ինչ կսկսի փոխվել»: «Հիմա օրենքներով շարժվե՞նք, թե՞ ձեր կոչերով, պարոն Մելքումյան»,- փորձեց կատակել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Համատեղ»,- արձագանքեց Միքայել Մելքումյանը: Իսկ «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը նկատեց, որ թղթի վրա գրված օրենքը շատ լավն է, սակայն պետք է գանք դեպի իրականություն. «Բաժնետիրական ընկերությունները կամ մի քանի բանկ են, կամ հիմնարկ, որտեղ իրենց աշխատակիցներն են կամ ընտանիքի անդամները ու հիմնականում թղթի վրա գրված բաներ են: Ի՞նչ պետք է անենք, որ սա գործնականում կիրառվի, որ հանրությունում սա դառնա գիտակցված, ընկալելի, չվախենան, գործ տվողի տպավորություն չթողնի»: Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս պարագայում խոսքը մեծածավալ օրենսդրական փոփոխությունների է վերաբերում: