Օրենք, որը կպաշտպանի փոքր բաժնետերերին (տեսանյութ)
Կառավարության հրավիրած արտահերթ նիստին այսօր ԱԺ-ն սկսեց քննարկել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցողը Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն է, որը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ նպատակն է կատարելագործել շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարքների բացահայտման մեխանիզմները, բարձրացնել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանվածության մակարդակը. «Ընկերությունը պարտավոր է շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարք կնքելու մասին որոշումը կայացնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, գործարքի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել www.azdarar.am հասցեում գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Գործարար միջավայրի վերլուծությունները ցույց են տալիս, որ երկրների օրենսդրական բացթողումներն ընկերությունների սեփականատերերին եւ տնօրեններին թույլ են տալիս կատարել այնպիսի գործարքներ, որոնք օրինական են, չեն պարունակում կեղծիք կամ խաբեություն, սակայն, դրանք, այնուամենայնիվ, վնասում են ընկերության կառավարման գործում որոշիչ ձայնի իրավունք չունեցող բաժնետերերի շահերը: Ներկայումս, գործող օրենքը չի պահանջում մեկ միլիարդ դրամից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունում շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարքներ կնքելու մասին Ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կողմից նախնական եզրակացության տրամադրում, գործարքի հրապարակայնություն եւ թափանցիկություն»: Ըստ նրա՝ ներդրումների խթանման եւ ներդրողների շահերի պաշտպանության նպատակով անհրաժեշտություն է առաջացել ապահովել փոխկապակցվածության եւ շահագրգռվածության առկայությամբ կնքվող գործարքների թափանցիկությունը. «Խոշոր գործարքներ են համարվում այն գործարքները, որոնք կնքվում են ընկերության ակտիվների 25 տոկոսից ավելի գույքի կամ գույքային իրավունքների իրացման նպատակով և միաժամանակ դրա համար օրենքը նախատեսում է ընթացակարգ: Բայց, հաճախ ընթացակարգերը խախտվում են, և բաժնետերերը, որոնք չեն մասնակցել ընդհանուր ժողովին կամ տեղեկացված չեն իրենց կողմից քվեարկության մասնակցության վերաբերյալ, հաճախ հայտնվում են վատ վիճակում, քանի որ նրանց բաժնետոմսերի արժեքն էականորեն նվազում է»: Նախագծով առաջարկվում է նաեւ, որ 1 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցող ընկերություններում խոշոր գործարքներ կատարելու վերաբերյալ ընկերության աուդիտ իրականացնող անձինք վերստուգող հանձնաժողովի եզրակացությամբ արդյունքները հրապարակեն: