ՄԻԵԴ բողոք կներկայացվի. «Քաղաքական հաշվեհարդար է տեղի ունեցել»
Օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի գործով ամենայն հավանականությամբ բողոք կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայկի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը: «Ողջ դատավարությունը տեղի է ունեցել խախտումներով, տեղի է ունեցել քաղաքական հաշվեհարդար»,- ավելացրեց պարոն Կյուրեղյանը: Նրա խոսքերով՝ դա հիմք է հանդիսանում բողոք ներկայացնելու համար եւ իրենք չեն պատրաստվում ընդունել դատարանների թույլ տված կամայականությունները: Օրեր առաջ Վճռաբեկ դատարանը մերժել էր Հայկ Կյուրեղյանի բողոքը: Նա դիմել էր դատարան՝ իրավունքների խախտման փաստը ճանաչելու, իրավունքների խախտումները վերացնելու եւ գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ կայացնելու պահանջով: Արմենակ Կյուրեղյանը խոսել է որդու հետ, ասում է՝ իր գործի ընթացքից ավելի շատ մտահոգված է սահմանին տիրող իրավիճակով. «Ասում էր՝ շատ կցանկանայի առաջին գծում կանգնած լինեի: Նա երազում է հայրենիքը պաշտպանելու մասին» : Հայկ Կյուրեղյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ: «Շանթ Հարությունյան եւ ընկերներ»-ը գործով դատական առաջին նիստից առաջ նա ի նշան բողոքի բարձրացել էր դատարանի դիմաց կայանված մեքենայի վրա եւ կրակոցներ արձակել օդամղիչ ատրճանակից: