Եռատոնն սկսվում է մեր հերոս նախնիների բազում հաղթանակներով. Խաչիկ Ասրյան
Փա՛ռք մայիսյան եռատոնի հերոսներին Քրիստոսապա՛շտ և ազգապա՛հ հայրենակիցներ, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության, «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայիսյան Եռատոնի փառավոր հաղթանակների առթիվ և մաղթում անընդհատ հզորացող ու պաշտպանված պետականություն, մշտապես մարտունակ հայոց ազգային բանակ, հայկական անկոտրում միասնություն ու անհաղթահարելի կամք, հայոց ոգու անխորտակելի թռիչք, միասնական Հայրենիք և անսասան հավատք առ Աստված: Եռատոնն սկսվում է մեր հերոս նախնիների բազում հաղթանակներով, հայրենիքի համար կյանքով հատուցելու երդման հիշողություններով, կրկին նշանավորելով հայոց մտքի ու բազկի միասնության հաղթանակները: 1945թ. մայիսի 9-ին մեր հայրերն ու պապերը Երկրորդ համաշխարհայինից տուն վերադարձան ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած մեծ հաղթանակով, հաղթանակ, որը հայոց սահմաններից ընդմիշտ վտարեց թուրք բարբարոսին... Փա՛ռք ու պատի՛վ նրանց անմոռաց հիշատակին... 1992թ. մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը արծիվ հայորդիներն ազատագրեցին բերդաքաղաք Շուշին… Հազար փա՛ռք Շուշի բերդաքաղաքն ազատագրող քաջաց քաջերին... Նույն թվականին ձևավորվեց ԼՂՀ պաշտպանության բանակը, որի սահմաններ չճանաչող քաջությունն ամուր ու հաստատուն է պահում հերոսական Արցախ աշխարհի սահմանները... Կեցցե՛ ԼՂՀ հերոսական բանակը.. Փա՛ռք մեր ժողովրդին, նրա փառավոր անցյալին, Վարդանանց պատերազմի «Մահ իմացյալ անմահներին», նրանք մայիսյան ճակատամարտում ամրագրեցին Հայրենիքի և Աստծո հավերժությունը: Կրկին շնորհավորելով դժվար փորձություն անցած մեր հպարտ և անկոտրում Մեծ ժողովրդին՝ մենք՝ մեր ավագների փորձի երդվյալ ժառանգորդներս, կոչ ենք անում բոլորին համախմբվել հայոց պետականության դրոշի շուրջ, անխոցելի ու հզոր պահել մեր Հայրենիքը, մշտապես հովանի լինել և ամրագրել հայոց բանակի ոգին՝ որպես հայոց պետականության պաշտպանության ռահվիրայի, քանզի կա ազգային բանակ, կա հզոր ազգային պետականություն: Հաղթարշավների շքերթը փառաբանում ենք մայիսի 28-ին Հայոց առաջին հանրապետության կազմավորման պատմական արժեքավոր իրադարձությամբ և ասում. «Դու հավե՛րժ ես, ի՛մ Հայաստան»... «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան